ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik.«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում ԲՀԿ–ն պատվիրակությունը, կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ, Մոսկվայում հանդիպումներ է ունեցել ՌԴ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավար կազմի և ՌԴ Պետդումայում ներկայացված քաղաքական ուժերի ղեկավար կազմերի հետ:
«ԲՀԿ երկարամյա գործընկեր «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավար կազմի հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել է Արցախում և Հայաստանի սահմաններին ստեղծված ծանր իրավիճակը: Քննարկման առարկա են դարձել նաև պատերազմում Թուրքիայի անմիջական ներգրավվածության և Թուրքիայի միջոցով ադրբեջանական բանակը միջազգային ահաբեկիչներով զինելու հարցը»,–նշված է ԲՀԿ–ի ֆեյսբուքյան էջում։
ԲՀԿ ներկայացուցիչները փոխանցել են Գագիկ Ծառուկյանի դիրքորոշումը, ըստ որի` անհրաժեշտ է օր առաջ վերականգնել ՀՀ դարավոր բարեկամ և բնական դաշնակից Ռուսաստանի հետ լիարժեք հարաբերությունները, քանի որ տարածաշրջանում անվտանգության միակ երաշխավորը հենց Ռուսաստանն է:
ԲՀԿ–ն հույս ունի, որ խորհրդարանական դիվանագիտության մակարդակում ձեռք բերված պայմանավորվածություններն իրենց դրական ազդեցությունը կունենան ստեղծված իրավիճակի շուտափույթ հանգուցալուծման գործում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին հայտնի դարձավ` Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Լեռնային Ղարաբաղի իրադրությունը քննարկել էր ԲՀԿ-ական պատգամավորների հետ:
Ավելի վաղ Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը հայտնել էր, որ «հաշվի առնելով ԲՀԿ–ի և ՌԴ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունների միջև երկարամյա գործակցությունը, Գագիկ Ծառուկյանը որոշում է կայացրել հրատապ կարգով միջկուսակցական մակարդակում գործընկերների հետ քննարկել Արցախում և Հայաստանի սահմաններին ստեղծված ծանր իրավիճակը: