ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում չբացառեց Ադրբեջանի ու Թուրքիայի իրականացրած պատերազմական հանցագործությունների, վարձկանների ներգրավման փաստերով Հաագայի միջազգային քրեական դատարան դիմելու հնարավորությունը:
Նախարարն, իհարկե, բոլոր փակագծերը չբացեց, բայց պարզվում է, որ դա այնքան էլ հեշտ չէ անելը, հատկապես Հայաստանի համար:
Նախ, մեր երկիրը Հաագայի միջազգային քրեական դատարան դիմել չի կարող, քանի որ չի ճանաչել այդ դատարանի իրավազորությունը:
Բայց սկսենք սկզբից։ Հաագայի դատարանն առաջին միջազգային մարմինն է, որը քննում է ցեղասպանության, ռազմական հանցագործությունների, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ինչպես նաև ռազմական ագրեսիայի հանցագործություններ:
Դատարանը ստեղծվել է 1998 թվականին ընդունված Հռոմի Ստատուսի հիման վրա՝ 2002 թ.-ին: Հայաստանը Հռոմի Ստատուտը ստորագրել է 1999 թ-ին, բայց դատարանի կանոնադրության մասին համաձայնագիրը մինչ օրս չի վավերացրել: Այլ կերպ ասած` դատարանի իրավազորությունը չի ճանաչել:
Սա ռազմական հանցագործություն է. Ադրբեջանը հոսպիտալ է թիրախավորել
2004թ-ին ՀՀ Սահմանադրական դատարանը դռնփակ խորհրդակցությամբ որոշել էր, որ համաձայնագրում ամրագրված պարտավորությունները չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը:
Եվ, այդուհանդերձ, Հաագայի դատարանի դուռն, այսպիսով, Հայաստանի համար անդառնալիորեն փակ չէ:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Սահմանադրական դատարանի նախագահի ու դատավորների ներկայացուցիչ Սիրանույշ Սահակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ Հաագայի դատարան դիմելու միակ ուղին, որից Հայաստանը կարող է օգտվել ներկա իրավիճակում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջնորդությունն է:
«Տեսականորեն նման հնարավորություն գոյություն ունի, բայց չվավերացրած պետությունների դեպքում դրա գործարկումը որոշակի բարդությունների հետ է կապված. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է հարցը հղել միջազգային քրեական դատարանին: Նման դեպքեր պրակտիկայում եղել են՝ Լիբիայի օրինակը, Դարֆուրի դեպքերը: Բայց հասկանալի է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ում քվեարկությունները հեշտությամբ չեն լինում»,–ասաց նա:
Մինչ դատարան դիմելը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախ պետք է ստեղծվի հանձնաժողով, որը հետաքննում է ներկայացված փաստերը, հանդիպում զոհերի հարազատներին, ապացույցներ հավաքում, որից հետո հավաքված բոլոր փաստերը ներկայացվում են ԱԽ-ին, որն էլ, դրանք ուսումնասիրելով, որոշում է կայացնում՝ դիմե՞լ միջազգային քրեական դատարան, թե ոչ:
«Առնվազն հիմնական անդամների համընկնող ձայներ են անհրաժեշտ։ Վետո չպիտի դրվի: Իսկ այստեղ մենք չենք կարող չբացառել Միացյալ թագավորության գործոնը, որը լուրջ քաղաքական ու տնտեսական շահերով է կապված ադրբեջանաթուրքական կոալիցիայի հետ»,- ասաց Սահակյանը:
Մեր զրուցակիցը չի բացառվում նաև, որ Միջազգային քրեական դատարանի ճանաչման հարցն այս օրերին դարձյալ բերվի ՀՀ քաղաքական օրակարգ, ու ՍԴ-ն նորից դիտարկի դրա սահմանադրականությունը: Հատկապես, որ 2004-ից ի վեր ՀՀ Սահամանադրությունը բավական փոփոխությունների է ենթարկվել:
Բայց քանի որ Ադրբեջանը ևս չի վավերացրել այդ միջազգային փաստաթուղթը, Սիրանույշ Սահակյանը չի բացառում, որ անգամ Հայաստանի վավերացման դեպքում, Ադրբեջանի կողմից կատարվող խախտումները կմնան անպատժելի: Փոխարենը հայկական կողմը, համաձայնագիրը վավերացնելով, լրացուցիչ պարտավորություններ կստանձնի ու ստիպված կլինի զսպել իր բանակի որոշ անհրաժեշտ մարտական գործողություններ:
«Չեմ կարծում, որ ասիմետրիկությունը պատերազմական գործողություններում դրական զարգացում է»,- նշեց Սիրանույշ Սահակյանը:
Ի դեպ, նշենք, որ տարածաշրջանի երկրներից Վրաստանը միակն է, որ վավերացրել է դատարանի կանոնադրության մասին համաձայնագիրը:
Ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը, Թուրքիան ու Իրանը թեև վավերացրել են Հռոմի Ստատուսը, բայց դատարանի կանոնադրությունը չեն ճանաչել:
Ստեղծված իրավիճակում Հայաստանի համար միջազգային արդարադատության հասնելու ամենահավանական ուղին շարունակում է մնալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը:
Հայաստանից Մարդու իրավունքների Եվրոպական դատարան արցախյան պատերազմի ընթացքում մեկ տասնյակից ավելի գանգատ է ներկայացվել: Գործերից երկուսը ներկայացվել են պետության կողմից՝ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» և «Հայաստանն ընդդեմ Թուրքիայի»: Եվս 11 գանգատ ներկայացվել է անհատական կարգով՝ զոհերի իրավահաջորդների կողմից:
«Շուրջ 11 գործեր գտնվում են դատարանի վարույթում, որոնցում ներկայացվում է ռազմագերիներին սպառնացող վտանգը, նկարագրվում են մարդու իրավունքների այնպիսի խախտումներ, որոնք իրենց մեջ պարունկում են նաև պատերազմական հանցագործությունների տարրեր»,- հայտնեց Սիրանույշ Սահակյանը:
Թուրքիայի սանձարձակ պահվածքը վկայում է, որ անհանգստացած են ՄԻԵԴ–ի որոշումներից
Իրավաբանները շարունակում են ուսումնասիրել Արցախում ընթացող պատերազմին զուգահեռ բացահայտվող նոր հանցագործությունների փաստերը: Այսօրինակ խոսուն փաստերից է նաև հայկական ԶՈւ-ի կողմից Արցախում սիրիացի վարձկան ահաբեկիչների գերեվարումը։
Սիրանույշ Սահակյանը չի բացառում, որ վարձկանների փաստով Հայաստանը կդիմի արդեն ոչ թե ՄԻԵԴ, այլ ՄԱԿ-ի Արդարադատության դատարան:
«Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան ունի վեճերի լուծման կարգ: Դա որոշակի բանակցային գործընթացներ սպառելուց հետո ՄԱԿ-ի Արդարադատության դատարանն է»,- ասաց Սահակյանը:
Բայց այստեղ էլ որոշ խնդիրներ կան: Բանն այն է, որ Թուրքիան վարձկանների վերաբերյալ ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ չէ, հետևաբար, Հայաստանն այդ երկրի դեմ բողոք չի կարող ներկայացնել: Բայց փոխարենը ՄԱԿ-ի անդամ է Ադրբեջանը, ու Արդարադատության դատարան դիմելու դեպքում հենց Ադրբեջանը ստիպված կլինի պատասխան տալ Թուրքիայի հետ համատեղ իրականացրած միջազգային հանցագործությունների համար:
ՄԻԵԴ-ը մերժել է Թուրքիայի դիմումը. Անկարայի հիմնավորումներն անհիմն են