Եթե ահաբեկիչները մոտենան Իրանի սահմաններին, մենք վճռական միջոցներ կձեռնարկենք․ Խամենեի

Իրանի առաջնորդն ասել է՝ վստահելի աղբյուրները հաստատում են, որ ղարաբաղյան ռազմական գործողություններին ահաբեկիչներ են մասնակցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik․ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է՝ եթե ահաբեկիչները մոտենան Իրանի սահմաններին, Թեհրանը վճռական միջոցներ կձեռնարկի։

«Թեև ոմանք ժխտում են դա, բայց, ըստ վստահելի աղբյուրների, մի շարք ահաբեկիչներ այլ տեղերից մասնակցում են Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմին։ Եթե նրանք մոտենան Իրանի սահմաններին, և վտանգ զգացվի, անկասկած վճռական միջոցներ կձեռնարկվեն»,-գրել է Խամենեին Twitter-ում։

Նա նշել է, որ պատերազմը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը և պետք է հնարավորինս շուտ ավարտվի։

Ընդ որում՝ Խամենեին նաև հայտարարել է, որ Հայաստանի գրաված ադրբեջանական հողերը պետք է ազատագրվեն և վերադարձվեն Ադրբեջանին։

Կառավարությունը քննարկում է սիրիացի ահաբեկիչների հարցը. Հաագային դիմելու հերթն էլ կգա

«Իհարկե, պետք է ապահովել այդ հողերում ապրող հայերի անվտանգությունը, անհրաժեշտ է պահպանել միջազգային սաhմանները, և երկու կողմերն էլ չպետք է խախտեն դրանք»,-ասել է Խամենեին։

Ավելի վաղ ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն հայտարարել էր, որ իրանական կողմը ջանքեր է գործադրում Ղարաբաղում ոչ թե կարճաժամկետ հրադադար, այլ խաղաղություն հաստատելու համար։ Նախագիծը հիմնված է միջազգային նորմերի վրա, նախատեսում է «օկուպացիայի» վերացում, միջազգային վերահսկողություն, սահմանների ճանաչում, փոքրամասնությունների իրավունքների ապահովում։ Խատիբզադեն հույս էր հայտնել, որ ապագայում խաղաղության հաստատմանն ուղղված քայլեր կձեռնարկվեն։

Արցախի դեմ սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրերից հայտնի դարձավ, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով։ Այս տեղեկությունները հաստատել էր նաև ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը:

«Հայերի դեմ կռվելու չգաք, ավելի լավ է` աղքատ մնաք». սիրիացի 2–րդ ահաբեկիչն էլ է խոսել

ՌԻԱ Նովոստին էլ տեղեկացրել է, որ հոկտեմբերի 16-ին ավելի քան 1000 գրոհային է տեղափոխվել ղարաբաղյան հակամարտության գոտի։

Ձերբակալվել է Արցախի դեմ կռվող ահաբեկչական խմբավորման անդամներից մեկը

Հայտնի է, որ սիրիացի ահաբեկիչներին 1,5-2 հազար դոլար են խոստանում ռազմական գործողություններին 1 ամիս մասնակցելու համար։ Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն հայաստանյան և ղարաբաղյան իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչներ։

Թուրքիան Հարավային Կովկասը լցրել է ահաբեկիչներով. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը

Նշենք, որ հայկական կողմին արդեն հաջողվել է գերեվարել 2 սիրիացի վարձկան–ահաբեկչի։ Նրանցից առաջինին` Մեհրեդ Մուհամմադ Ալշխերին, բռնել են հոկտեմբերի 30–ին, իսկ երկրորդին` Յուսեֆ Էլ Աբեդ Էլ Հաջիին, հայ զինծառայողները գերեվարել են նոյեմբերի 1–ին։ Նրանք արդեն ցուցմունք են տվել և պատմել իրենց հավաքագրելու պայմանների մասին։