Բաքվի ստերը վերջ չունե՞ն. «Ողջ մնալու արվեստի» դեմ են քրգործ հարուցել

«Ողջ մնալու արվեստը» ՀԿ–ն, ըստ ադրբեջանական կողմի, ահաբեկիչներ է «պատրաստում»` այն դեպքում, երբ միջազգային մակարդակով արդեն իսկ փաստվել է, որ Ադրեջանն է ահաբեկիչներ բերում և Արցախի դեմ կռվում օգտագործում։
Sputnik

Ադրբեջանը հերթական անհեթեթ քրեական գործն է հարուցել և փորձում է ապացուցել, որ ահաբեկիչները կռվում են ոչ թե իրենց, այլ հայկական զինված ուժերի կազմում։ ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ նշվում է` հիմա էլ քրգործ է հարուցվել «Ողջ մնալու արվեստը» ՀԿ–ի նկատմամբ։

Ուշագրավ է այն հանգամանքը, որ Ադրբեջանն ահաբեկչական կազմակերպություն է որակում ՈՄԱ–ին, իսկ 2014-ին հետախույզ Վովա Վարդանովի և նրա ընկերների հիմնած ՀԿ–ն ռազմական պատրաստվածություն, առաջին բուժօգնություն են սովորեցնում։

«Շատ ծիծաղելի և զավեշտալի է այս ամենը։ Իսկ թե որքան քրգործ կհարուցեն մեր դեմ, կթողնենք նրանց հայեցողությանը»,–ասում է դասընթացները համակարգող Անգին Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ վերջերս Sputnik Արմենիայի հետ զրույցում դերասան Հայկ Պետրոսյանն էր հայտնել, որ մասնակցում է «Ողջ մնալու արվեստը» կազմակերպության ռազմամարզական վարժանքներին, որպեսզի պատրաստված մեկնի առաջնագիծ։ Ռազմաճակատ մեկնելուց առաջ Երևանում հարյուրավոր կամավորներ զինվորական պատրաստվածություն են անցնում և մարզվում։

Արցախի դեմ սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրերից հայտնի դարձավ, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով։ Այս տեղեկությունները հաստատել էր նաև ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը:

ՌԻԱ Նովոստին էլ տեղեկացրել է, որ հոկտեմբերի 16-ին ավելի քան 1000 գրոհային է տեղափոխվել ղարաբաղյան հակամարտության գոտի։

Հայաստանն արդեն պաշտոնապես հայտարարել է մի քանի սիրիացի ահաբեկչի գերեվարման մասին։