ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի - Sputnik.Հայաստանում մակրոտնտեսության վիճակը կայուն է, ինչն էլ հնարավորություն է տալիս տնտեսության մինիմում մակարդակ ապահովել։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը` պատասխանելով հարցին, թե ինչպես է համավարակի պայմաններում այս տարի հավաքագրված հարկերի` նախատեսվածից շուրջ 40 մլրդ դրամի գերակատարում սպասվում։
Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook սոցցանցի իր էջում գրառում էր արել` հայտնելով, որ պատերազմի ընթացքում հարկ վճարողների վարքագիծը էականորեն փոխվել է. չնայած տնտեսական բարդ իրավիճակին, նրանք ավելի պարտաճանաչ են դարձել։ Արդյունքում տարվա կտրվածքով բյուջեի վերանայված պլանի շուրջ 40 մլրդ դրամի գերակատարում է սպասվում։ Փաշինյանը հավելել էր, թե սա մեր հանրության դիմակայունության կարևոր ցուցիչ է, համազգային համախմբման փայլուն օրինակ։
«Համավարակի և պատերազմական դրության առումով մեր սպասելիքներն այնքան էլ լավը չէին, սակայն բիզնեսը կարողացավ իր տեղը գտնել»,–ասաց Հովհաննիսյանը։
Հարցին, թե տնտեսության ո՞ր ճյուղերում են ավել գումար են գեներացրել այս տարի` Հովհաննիսյանը պատասխանեց, որ, օրինակ, հանքարդյունաբերության, մանրածախ առևտրի և վերջնական սպառման մեջ։
ԿԲ–ն կցանկանար ավելի «ագրեսիվ քաղաքականություն» վարել, բայց կան խանգարող գործոններ
ՊԵԿ նախագահը հայտնեց, որ 2020 թվականի 10 ամիսների հարկային եկամուտների հավաքագրումը կազմել են 1 տրիլիոն 134.8 մլրդ դրամ։ Այս ցուցանիշից 1 տրիլիոն 19 միլիարդը զուտ հարկային եկամուտներն են, 228 մլրդ դրամը` մաքսային տուրքերը, իսկ հարկ վճարողներին վերադարձված գումարը 112.3 մլրդ դրամ է, ինչը լավ ցուցանիշ է։ Այս տարվա տվյալների 2019-ի համեմատ տարբերությունը կազմում է մինուս 61 մլրդ դրամ, ինչը, ըստ ՊԵԿ նախագահի, մտահոգիչ չէ։ Հարցն այն է, որ նախորդ տարի տրանսպորտային միջոցների մեծածավալ ներմուծման արդյունքում հարկային գումարներն ավելի շատ են կազմել, քան այս տարի։
Ռազմական դրությունն իր ազդեցությունն է ունեցել տնտեսության վրա. Մհեր Գրիգորյան