ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի - Sputnik. Թեև Արարատ լեռը Հայաստանի Հանրապետության տարածքում չի գտնվում, այն շարունակում է լինել մեր երկրի գլխավոր խորհրդանիշներից մեկը։ Եվ թուրքերը դա շատ լավ գիտեն։ Ցանկանալով հոգեբանորեն հարվածել հայերին` Թուրքայի Աղրը մարզի մարզպետ Սավջի Սայանը թվիթերում հրապարակել է թուրքական և ադրբեջանական դրոշների գույներով պատկերված Մասիսի նկարը։
«Աղրըի համայնքապետարանում մենք աշխատանքներ ենք սկսել, որպեսզի այս պատկերը շուտով հայտնվի Արարատ լեռան` Հայաստանին ուղղված հատվածում։ Հուսով եմ, որ դա ճակատում կբարձրացնի հայերի ոգին», – գրել է Սայանը։
Թե կոնկրետ ինչ գործողություններ են կատարվելու նման նախագիծ իրականցնելու համար, անհայտ է։
Բայց հայերն արդեն սկսել են ծաղրել թուրք պաշտոնյայի արած գրառումը։ Նրանցից մեկը գրել է. «Մարդ ա վատացել»` մեջբերելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի թևավոր դարձած խոսքը։
Հետաքրքիր է, որ թեև թուրք օգտատերերի մեծ մասը հավանել է մարզպետի գրառումը, կան նաև թուրքեր, որոնք խորհուրդ են տալիս լեռը գունազարդելու փոխարեն գումարներ հատկացնել կրթական, մշակութային և առողջական նախագծերի համար։