Լիոնի վանդալիզմը պարունակում է ցեղասպանության կրկնման սպառնալիք. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն համոզված է, որ ֆրանսիական իշխանությունները պատասխանատվության կկանչեն Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի նկատմամբ վանդալիզմ իրականացողներին և նրանց ետևում կանգնած ծայրահեղական ուժերին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի նկատմամբ իրականացված վանդալիզմի ակտը։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Սփյուռքի «գրոհայինները». ֆրանսահայ Քերողլյանները գիտեն` ինչպես աշխարհին ստիպել հարգել մեզ

«ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի վրա արված գրառումներն առավել քան խոսուն են, քանի որ պարունակում են Հայոց ցեղասպանության կրկնման սպառնալիք և Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեպ Թայիբ Էրդողանի փառաբանում: Պատահական չէ, որ հայ ժողովրդի հասցեին նմանօրինակ սպառնալիքներ հնչեցվում են այն ժամանակ, երբ թուրք-ադրբեջանական ցեղասպան դաշինքը միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ փորձում է բնաջնջել Արցախի հայ բնակչությունը»,-նշված է հաղորդագրության մեջ:

ՀՀ ԱԳՆ-ն համոզված է, որ ֆրանսիական իշխանությունները պատասխանատվության կկանչեն այս վանդալիզմն իրականացողներին և նրանց ետևում կանգնած ծայրահեղական ուժերին:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ֆրանսիայի Լիոն քաղաքում թուրքերը պղծել են Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության շենքը:

Ավելի վաղ թուրք ծայրահեղականները Լիոն քաղաքում պղծել էին Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը:

Հրապարակված լուսանկարներում հստակ երևում է հուշարձանի վրա գրված «loup gris» գրությունը, որը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «գորշ գայլեր»:

Նշենք, որ այսօր լուրեր տարածվեցին, որ Ֆրանսիան կարգելի «Գորշ գայլեր» թուրքական ծայրահեղ ազգայնական կազմակերպության գործունեությունը։