ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի - Sputnik. Նոյեմբերի 2-ի երեկոյան Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի ժամանակով ժ. 20-ի մոտակայքում (Երևանի ժամանակով՝ ժ. 23-ին) անհայտ անձինք զինված հարձակումներ են իրականացրել քաղաքի կենտրոնում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։ Անցորդներից մեկը տեղում սպանվել է, մյուսն ավելի ուշ մահացել է հիվանդանոցում։ 15 մարդ, այդ թվում՝ 7 ոստիկան, վիրավորվել է։ Հարձակվողներից մեկը ոչնչացվել է, մյուսները կարողացել են փախչել։
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը ահաբեկչություն է որակել Վիեննայում տեղի ունեցածը՝ հայտարարելով, որ բոլոր միջոցներով պայքարելու են ահաբեկչության դեմ։ Կուրցը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակում Վիեննայի պաշտպանությունը ստանձնելու է բանակը ու բնակիչներին կոչ է արել տներից դուրս չգալ։ Այս մասին նա գրառում է կատարել Facebook-ի իր էջում։
«Մեր Հանրապետությունը դժվար ժամեր է ապրում։ Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել արտակարգ իրավիճակների բոլոր աշխատակիցներին, որոնք հատկապես այսօր վտանգում են իրենց կյանքը մեր անվտանգությունն ապահովելու համար»։
Ավստրիայի վարչապետը ցավակցել է զոհերի հարազատներին և մտերիմներին։
Հայաստանը շարունակելու է պայքարել ահաբեկչության դեմ. ԱԳՆ
Նա նաև շնորհակալություն է հայտնել Եվրամիության ղեկավարությանը և միջազգային գործընկերներին ցավակցությունների և համերաշխության համար։
Հարձակումների շարժառիթներն ու հեղինակները դեռ հայտնի չեն։ Նախնական տվյալներով՝ ահաբեկչությունների հետևում կանգնած են ջիհադիստները, որոնք Վիեննայի կրակոցներն անվանել են հատուցում Ավստրիային՝ աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում Ռուսաստանում արգելված «Իսլամական պետության» դեմ ԱՄՆ-ի կազմած կոալիցիային մաս կազմելու համար։
Վիեննայում այսօր չեղարկվել են դպրոցական պարապմունքները։