Ընտրական նոյեմբեր ԱՄՆ-ի, Մոլդովայի, մի քիչ էլ՝ Վրաստանի համար

Եկեք անկեղծ լինենք։ Արդեն կարող ենք պնդել, որ տարբեր երկրներում աշնան վերջին ամիսը թեժ է լինելու, որովհետև կամ արդեն կայացել են, կամ կայանալու են վճռորոշ ընտրություններ՝ Վրաստան, Մոլդովա, ԱՄՆ։ Սկսենք Ամերիկայից, որտեղ նոյեմբերի 3-ին նախագահական ընտրություններ են։ 
Sputnik
Ընտրական նոյեմբեր ԱՄՆ-ի, Մոլդովայի, մի քիչ էլ՝ Վրաստանի համար

Ավելի ճիշտ կլինի ասել, որ վաղը ամերիկյան ընտրությունները պարզապես ավարտվելու են, որովհետև դրանք վաղուց էին սկսվել՝ ըստ տարբեր աղբյուրների ամերիկացիների մեծ մասը արդեն քվեարկել է կամ փոստով, կամ ինտերնետի միջոցով։ ​

Սա զուտ հայաստանյան երևույթ չէ. կորոնավիրուսի երկրորդ ալիքն ահագնանում է ողջ աշխարհում

Երկու թեկնածուների՝ Ջո Բայդենի և Դոնալդ Թրամփի հաղթելու շանսերի մասին։ Միանգամից ասեմ՝ բոլոր մասնագետները պնդում են՝ Բայդենը կհաղթի մեծ առավելությամբ։ Այս համոզմունքը հիմնված է բազմաթիվ սոցհարցումների վրա, բայց մենք, հայաստանցիներս, հո լավ գիտենք, որ եթե այսինչ ընդդիմադիրը և նրա ներկայացրած ուժը նախկինում ընդամենը 7 տոկոս ձայն է ստացել, դա բոլորովին չի նշանակում, որ որոշ ժամանակ այց նա չի դառնա երկրի ղեկավար։ ​

Հիմա ավելի կոնկրետ։ Թրամփի հաղթանակը մասնագետները գնահատում են «սե բայ դու» կամ «ջհար ու յեք»։ Խոսքը, ինչպես հասկանում եք, այն բանի մասին է, թե որքան հավանական է, որ նարդի խաղալուց դուք նետեք երկու զառերը և ընդհանուր առմամբ ստանաք 5 թիվը՝ մի զառը երկուս, մյուս զառը երեք, կամ մի զառը 4, մյուսը՝ մեկ։ Դրա հավանականությունը 10 տոկոս է՝ պնդում է վերլուծաբանններից մեկը, ավելացնելով՝ իհարկե, հենց 10 տոկոս հավանականություն կա, որ Եվրոպայի Լիգայի չեմպիոնատի հաջորդ փուլում Կիևի «Դինամոն» կհաղթի «Բարսելոնային»։ ​

Հայ-վրացական հարաբերություններ. ինչպիսի՞ն կլինեն դրանք ընտրություններից հետո

Երևի հասկանում եք, որ վերլուծաբանները պարզապես հեգնանքով են վերաբերվում Դոնալդ Թրամփի հաղթանակի շանսերին։ Չնայած այդ նույն վերլուծաբաններից ոմանք 4 տարի առաջ այս նույն ժամանակ ասում էին՝ Թրամփի հաղթելու հավանականությունը ընդամենը 30 տոկոս է, բայց մարդը նախագահ դարձավ։ Մի քանի անգամ անդրադարձել եմ սրա պատճառներին՝ ամերիկյան ընտրական համակարգը շատ ուրույն է՝ դու կարող ես մրցակցից շատ ավելի քիչ ձայն ստանալ, բայց հռչակվել նախագահ։ Եթե հիշում եք՝ հենց այդպես էլ եղավ անցած ընտրությունների ժամանակ, երբ Դոնալդ Թրամփը Հիլարի Քլինթոնից մոտ երեք միլիոնով պակաս քվե ստացավ։ Բայց մի շտապեք քննադատել ամերիկյան ընտրահամակարգը, որովհետև Միացյալ նահանգների բնակիչներն այնուամենայնիվ համոզված են՝ այս համակարգն արդար է և շատ քիչ սողանքներ է թողնում ընտրությունների արդյունքները կեղծելու համար։

Թուրքիան ԵՄ չհասավ, բայց ցանկանում է դառնալ աշխարհի հզորների ակումբի անդամ

Բոլորովին այլ վիճակ է Վրաստանում։ ​Այդտեղ շաբաթավերջին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո իրավիճակն այնպիսին է, ինչպես մեզ մոտ է եղել  տարիներ շարունակ։ Մեր այս վերջին ընտրությունների արդյունքները որևէ մեկը կասկածի տակ չի առնում, բայց հիշենք, որ նախկինում գրեթե բոլոր ընտրություններից հետո ընդդիմությունը անմիջապես հայտարարում էր՝ ամեն ինչ կեղծվել է, խորհրդարանը լեգիտիմ չի։ Հիմա եթե ասեմ, որ Վրաստանում այդ նույն պնդումները կապված են իրենց նախկին նախագահի և իրենց դատական համակարգի հետ, առաջին հայացքից կարող է զարմանալի թվալ, սակայն տեսեք, թե ինչ են ասում որոշ քաղաքագետներ։ ​

Միխեյիլ Սաակաշվիլիին մի շարք քրեական մեղադրանքներ են ներկայացված։ Այդ մեղադրանքները, բնականաբար, ներկայացվել են այս իշխանությունների օրոք։ Ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում այնուամենայնիվ լիակատար հավատ չկա դատական համակարգի անաչառության նկատմամբ։ Եվ Սաակաշվիլիի կողմնակիցները, ըստ որոշ լրատվամիջոցների, համոզված են՝ եթե հաղթանակ տանի այն ուժը, որն աջակցում է նախկին նախագահին և իշխանափոխություն կատարվի, այն նույն դատաիրավական համակարգը, որը մեղադրանքներ էր ներկայացրել Սաակաշվիլիին, 180 աստիճանով կփոխի իր դիրքորոշումը և կպնդի, որ նախկին նախագահը մասմաքուր է։

Վրացական ընդդիմությունը խորհրդարանական մանդատներն ավելացնելու շանս է ստացել

​Եվ վերջապես շատ հակիրճ Մոլդովայի նախագահական ընտրությունների մասին։  Միայն մի բան ասեմ՝ երկու թեկնածուները՝ Իգոր Դոդոնը, որը Ռուսաստանի հետ սերտ համագործակցելու կողմնակից է և նախկին վարչապետ Մայա Սանդուն, որը հիմնականում դեպի Եվրոպա է նայում, ստացան գրեթե հավասար ձայներ, և դա երևի թե շատ լավ արտահայտում է այդ երկրում տիրող տրամադրությունները: