Վարկերն ուշացնելու համար արցախցիների ու կամավորների նկատմամբ պատժամիջոց չի կիրառվի. ԿԲ

ՀՀ կառավարության որոշմամբ` վարկային պարտավորությունների թուլացման հնարավորություն է տրվել նաև ՀՀ զինվորակոչված կամ կամավորագրված քաղաքացիներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. Վարկային պարտավորությունների ուշացման համար արցախցիների նկատմամբ որևէ պատժամիջոց չի կիրառվի։ Այս մասին այսօր ԱԺ–ում 2021թ.–ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

«Արցախում գրանցված կամ Արցախից որևէ վարկային պարտավորություն ունեցող անձանց նկատմամբ գործում է ժամանակավոր թուլացման մեխանիզմ, այսինքն` այդ մարդկանց վարկային պարտավորությունները չմարելու դեպքում ոչ մի հետևանք այս պահի դրությամբ չի լինելու»,– ասաց Գալստյանը։

ԿԲ նախագահը նաև հիշեցրեց, որ ՀՀ կառավարության որոշմամբ` վարկային պարտավորությունների թուլացման հնարավորություն է տրվել նաև ՀՀ զինվորագրված կամ կամավորագրված քաղաքացիներին։

Ինչպես են լուծվում Արցախից ժամանակավոր ՀՀ եկածների հարցերը. պատասխանում է փոխվարչապետը

Բայց դրա համար նրանք պետք է հաշվառված լինեն ՊՆ–ում ու ընդգրկված ռազմական գործողություններում։

Իսկ թե դրա համար բանկերին ինչ փաստաթուղթ պետք է ներկայացնեն վարկառուները, ԿԲ նախագահը չհստակեցրեց` նշելով, որ դա ոչ թե իրենց, այլ կառավարության իրավասությունն է, մասնավորապես` ՊՆ–ի։

«Թե ինչ փաստաթուղթ է տրամադրում ՊՆ–ն, որով մարդիկ կարող են գալ առևտրային բանկեր ու լուծեն իրենց խնդիրները, կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ հայտարարությամբ հանդես գան հենց այդ մարմինները»,– ասաց Գալստյանը։

Կամավորականները խախտել են նախագահի հրամանն ու արժանացել նախագահի պարգևներին

Հիշեցնենք` հոկտեմբերի 21-ին ԱԺ-ի ընդունած «Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանվել է, որ զոհված կամ զինհաշմանդամություն ձեռք բերած անձանց վարկերը կարող են ներվել։

Բայց յուրաքանչյուր վարկառուի դեպքում որոշում կայացնելու իրավասությունը թողնվել է բանկային կազմակերպությունների հայեցողությանը։

Ինչպես են լուծվում Արցախից ժամանակավոր ՀՀ եկածների հարցերը. պատասխանում է փոխվարչապետը