Պատերազմի հետևանքով ոստիկանության բարեփոխումները կարող են հետաձգվել

ՀՀ փոխոստիկանապետի խոսքով` ոստիկանության համակարգն ամբողջ ծավալով ներգրավված է և՛ ռազմական դրությամբ պայմանավորված գործողություններում, և՛ համավարակի կանխարգելման միջոցառումներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանն այսօր ԱԺ–ում 2021թ–ի բյուջի նախագծի քննարկման ժամանակ հայտնեց, որ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառով ՀՀ ոստիկանության համակարգի բարեփոխումները կարող են հետաձգվել։

«Պետք է ասել, որ ներկա իրավիճակով, այն է` ռազմական դրությամբ պայմանավորված, հետաձգվել է ուսումնական պրոցեսի մեկնարկը, և հնարավոր է ժամկետների վերանայում»,– ասաց փոխոստիկանապետը։

Ոստիկանության բարեփոխման 2020-22թթ–ի ծրագրով նախատեսված էր ոստիկանության ծառայությունը վերածել ՆԳՆ–ի, ոստիկանության ներքին զորքերի հիմքի վրա ձևավորել ազգային գվարդիա, ստեղծել պարեկային կառավարման և օպերատիվ կառավարման կենտրոններ։ Բարեփոխումների առաջին փուլը նախատեսվում էր գործարկել Երևանում 2021թ–ի առաջին եռամսյակում։ 

Ֆիդանյանը հայտնեց, որ ոստիկանության համակարգն այսօր ամբողջ ծավալով ներգրավված է և՛ ռազմական դրությամբ պայմանավորված գործողություններում, և՛ համավարակի կանխարգելման միջոցառումներում։