Մարտունու ուղղությամբ թշնամուն հաջողվել է վերցնել 1-2 դիրք. Արծրուն Հովհաննիսյան

Մնացած բոլոր ուղղություններում թշնամու հարձակման փորձերը տապալվել են, որոշ տեղերում հետ են շպրտվել` նույնիսկ հետապնդման հնարավորությունով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Մարտունու ուղղությամբ թշնամուն հաջողվել է վերցնել 1-2 դիրք: Այսօր հերթական ասուլիսի ժամանակ այս տեղեկությունը հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Դեռ անցնող գիշեր Արցախի հյուսիսարևմտյան սահմանագոտու ողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերը մի քանի հարձակման փորձեր են ձեռնարկել, որոնք ամբողջությամբ տապալվել են։ Բոլորն անհաջողությամբ են ավարտվել»,–ասաց նա։

Ղարաբաղում շարունակվող գնդակոծությունները կարող են ռազմական հանցագործություն գնահատվել

Հովհաննիսյանի խոսքով` այսօրվա մարտերն իրենց սաստկությամբ և ուժգնությամբ որոշակի տարբերվել են նախորդ օրերից։ Բոլոր ուղղություններում թշնամու հարձակման փորձերը տապալվել են, որոշ տեղերում հետ են շպրտվել` նույնիսկ հետապնդման հնարավորությունով։

«Մեր ստորաբաժանումներին հաջողվել է հետապնդել և որոշ դիրքային հաջողություններ ունենալ, սակայն Մարտունու ուղղությամբ թշնամուն հաջողվել է վերցնել 1-2 դիրք»,–ասաց ՊՆ ներկայացուցիչը։

Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ այս պահին էլ մարտերը շարունակվում են։ Նրա խոսքով` ընդհանուր առմամբ այսօրվա ողջ հարձակողական գործողությունները, որոնք 3-4 ուղղությամբ են եղել, տապալված են։

«Կիրառվել են հիմնականում վաշտ, գումարտակի չափի ստորաբաժանումներ։ Ակտիվորեն կիրառվել է ավիացիա, մի քանի բնակավայրեր ռմբակոծվել են»,–նշեց նա։

Հովհաննիսյանը հավաստիացրեց, որ իրավիճակն ընդհանուր առմամբ վերահսկելի է, հակառակորդի շարժերը, վերախմբավորումները նկատվում են և հիմնականում հրատենու միջոցով խոցվում։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 2-ի ժամը 19։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 46 զոհ ու 142 վիրավոր։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 7050 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 249 անօդաչու սարք, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 675 տանկ և ՀՄՄ, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:

Ում պետք չէ ռազմաճակատ տանել. պատմության դասերը

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

«Բառերը քիչ են, որ նկարագրեմ». ռազմաճակատից եկած հոր ու նորածին դստեր 1–ին հանդիպումը