ՌԱԴԻՈ

Իրանը գործուն քայլերով փորձում է ներգրավվել հակամարտության լուծման գործընթացում

Իրանագետ Գարիկ Միսակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Իրանի արտգործնախարարի տեղակալ Աբաս Արաղչիի՝ ղարաբաղյան հարցի կարգավորմանն ուղղված մի շարք այցերին ու դրանց հետևած հայտարարություններին:
Sputnik
Իրանը գործուն քայլերով փորձում է ներգրավվել հակամարտության լուծման գործընթացում

Փոխարտգործնախարար Աբաս Արաղչին որպես Իրանի նախագահի` ղարաբաղյան կարգավորման հարցով հատուկ բանագնաց, օրերս այցելել էր Բաքու, ապա Մոսկվա, հետո Երևան ու Անկարա։

Արաղչիի այցերի հիմնական նպատակը տարածաշրջանային տերությունների մասնակցությամբ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման` իրանական նախաձեռնության մասին շահագրգիռ կողմերին տեղեկացնելն է։

Իրանում ավիացիայի ու անօդաչուների ներգրավմամբ զորավարժություններ են մեկնարկել

Իրանագետ Գարիկ Միսակյանի կարծիքով՝ Իրանը միշտ էլ ցանկություն ունեցել է այս գործընթացում միջնորդական առաքելություն իրականացնելու: Ադրբեջանի կողմից վերջին պատերազմի սանձազերծումից հետո լուրջ վտանգ զգալով և՛ տարածաշրջանում Թուրքիայի դերի ակտիվացման հետ կապված, և՛ սեփական երկրի հյուսիսային սահմաններում պատերազմական անկայուն վիճակի ու Ադրբեջանի տարածքում Թուրքիայի աննախադեպ ուժեղացումից պատճառով, իրանական կողմը գործուն քայլերի անցավ դիվանագիտական ոլորտում՝ ներկայացնելով ծրագիր, որն ըստ իրենց՝ կարող է կարգավորել հակամարտությունը:

«Ծրագիրը ներկայացվել է բոլոր կողմերին, սակայն Իրանի ներգրավածության մասին կամ ձևաչափային առումով բանակցային գործընթացի փոփոխության հետ կապված դեռևս հայտարարություններ չեն եղել: Ե՛վ մեր կողմից, և՛ Մինսկի խմբի համանախագահ պետությունների կողմից հնչել են հայտարարություններ, որ ներկա փուլում Մինսկի խմբի ձևաչափի փոփոխություն չի նախատեսվում»,-նշում է Միսակյանը:

Իրանի նախագահի հատուկ պատվիրակը ներկայացրել է իրավիճակի հաղթահարման իրանական մոտեցումը

Մեկնաբանելով հանգամանքը, որ Աբաս Արաղչին Բաքվում կայացած հանդիպման ժամանակ խոսել է հօգուտ Ադրբեջանի տարածքային ամբողջականության, իսկ Մոսկվայում կայացած հանդիպումից հետո հայտարարել է, որ Թեհրանն ու Մոսկվան հակամարտության կարգավորման հարցում ունեն նմանատիպ մոտեցումներ՝ իրանագետը նշում է, որ ընդհանրապես Թեհրանը գոյություն ունեցող բոլոր հակամարտությունների ընթացքում կողմ է արտահայտվում տարածքային ամբողջականությանը:

«Իսկ մոսկովյան հայտարարությունը կարող է պայմանավորված լինել նրանով, որ Մոսկվայի հետ որոշակի համաձայնության են եկել ծրագրի շրջանակում. օրինակ, որոշակի տարածքների վերադարձ՝ կարգավիճակի դիմաց հայտարարությունները, հնարավոր է իրենց ծրագրում էլ լինեն նման կետեր»,-ասում է Միսակյանը:

Ինչ է առաջարկել Իրանն Արցախի հակամարտության կարգավորման համար. նախարարը բացել է փակագծերը

Բայց ծրագրի փակագծերը, ըստ իրանագետի, դեռևս բացված չեն: Մեր կողմից եղել է հայտարարություն, որ հայկական կողմը ուշադիր ուսումնասիրելու է Իրանի առաջարկած ծրագիրը:

Միսակյանը ընդգծում է, որ բացի տարածքային ամբողջականության մասին շեշտադրումներից՝ եղան նաև հայտարարություններ մարդու իրավունքների հետ կապված, որի բաղադրիչներից մեկն էլ ազգերի ինքնորոշման իրավունքն է, այսինքն Իրանը ազգերի ինքնորոշման իրավունքի մասին հավանաբար նույնպես խոսել է:

Միաժամանակ Արաղչիի՝ Բաքու կատարած այցի շրջանակում եղան ոչ հայանպաստ և Ադրբեջանին ակնահաճո մի քանի հայտարարություններ, իսկ Հայաստանում ահաբեկիչների հետ կապված տեղեկություններ հրապարակվեցին: Այսինքն, ըստ իրանագետի, դեռ չի կարելի ասել, որ ձևաչափային կամ տարածաշրջանային որևէ ֆորմատի լուծման ծրագիր է առաջարկվում, սակայն Իրանը գործուն քայլերով փորձում է ներգրավվել հակամարտության լուծման գործընթացում կամ գոնե սեփական դերակատարությունը հակամարտության կարգավորման հարցում հասցնել Թուրքիայի դերակատարության մակարդակին: