Ռուսաստանի հետ դաշնակցային կապը թուլացե՞լ է. պատասխանում է Փաշինյանը

Արաբական Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի թիվս այլ հարցերի պատասխանել է նաև իր հասցեին հնչող մեղադրանքներին, թե իր իշխանության գալուց հետո ՀՀ-ՌԴ դաշնակցային կապերը թուլացել են:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. Մեղադրանքները, թե իր իշխանության գալուց հետո Ռուսաստանի հետ դաշնակցային կապը թուլացել է, վարչապետ Նիկոլ Փաշինյանն «անհեթեթ» է որակում: Նման հայտարարություն նա արել է արաբական Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Ռուսաստանը ինչպես եղել է Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, այնպես էլ շարունակում է մնալ,- ասել է նա,- Ռուսաստանի իշխանությունները և նախագահ Պուտինը մի քանի անգամ հայտարարել են, որ անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ռուսաստանն իր անվտանգային պարտավորությունները կկատարի»:

Ինչ ենք հասկանում «ցավոտ փոխզիջումներ» ասելով. Փաշինյանը մանրամասնել է

Ինչ վերաբերում է Ղարաբաղի հարցին, ըստ Փաշինյանի, այստեղ Ռուսաստանը պարտավոր է չեզոքություն պահպանել՝ որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր, ինչը և անում է:

Փաշինյանը հայտնել է, որ հակամարտության ընթացքում ինքը մշտական կապի մեջ է նաև Ֆրանսիայի նախագահի, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի և ԱՄՆ նախագահի անվտանգության գծով խորհրդականի հետ:

«Մենք ընդհանրապես այս ընթացքում աշխատում ենք, որպեսզի ներկայացնենք միջազգային հանրությանը տեղի ունեցողի էությունը: Իսկ տեղի ունեցողի էությունը հետևյալն է`մենք պետք է վստահաբար ասենք, որ առանց Թուրքիայի հրահրման այս պատերազմը չէր սկսվի և տեղի չէր ունենա: Եվ կրկին ուզում եմ արձանագրել, որ Թուրքիան, արդեն իսկ միջազգայնորեն ընդունված փաստի հիման վրա, վարձկանների և ահաբեկիչների է տեղափոխել հակամարտության գոտի: Թուրքական բարձրաստիճան զինվորականներն ընդգրկված են Ղարաբաղի դեմ պատերազմի մեջ, թուրքական զինուժը և ռազմական տեխնիկան ընդգրկված է Ղարաբաղի դեմ պատերազմի մեջ, և ցանկանում եմ ընդգծել, որ սա ամենևին պատահականություն չէ»,- ասել է ՀՀ վարչապետն՝ ընդգծելով, որ Սիրիայում, Իրաքում, Միջերկրական ծովում և Հարավային Կովկասում Թուրքիայի իրականացրած քաղաքականությունը վկայում է, որ նրա նպատակը Օսմանյան կայսրության վերականգնումն է:

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Եթե գնաք Շուշի, կտեսնեք վերականգնված հոյակերտ մզկիթ. Փաշինյանը հակադարձել է մեղադրանքներին

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ:

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։ Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։