Մշակութային զենքը՝ պատերազմի դեմ․ Երևանում, ի հեճուկս ամեն ինչի, մեկնարկեց «Ոսկե ծիրանը»

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն ամբողջովին համապատասխանում է ժամանակի ոգուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան․ Ջերմաչափում մուտքի մոտ, բացառապես դիմակներով մարդիկ, պաստառներ ու գրաֆիկա պատերազմական թեմաներով՝ «Ոսկե ծիրան» տասնյոթերորդ միջազգային կինոփառատոնը մեկնարկեց Երևանում՝ ի հեճուկս համավարակի ու Ղարաբաղում ընթացող պատերազմի։ Սակայն ավանդական կարմիր գորգի ու հուլիսյան վառ արևի փոխարեն այցելուներին սպասում էին «Կինոյի տան» պատերն ու աշնանային կիսախավարը։

17 տարվա մեջ առաջին անգամ փառատոնի անցկացումը հարցականի տակ էր հայտնվել։ Փառատոնն ավանդականորեն ամռանն է անցկացվում, մասնավորապես՝ հուլիսին, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով այն աշուն էր տեղափոխվել։ Սակայն Ղարաբաղում ընթացող մարտական գործողությունների հետևանքով փառատոնը նորից տապալման եզրին հայտնվեց։

Մշակութային զենքը՝ պատերազմի դեմ․ Երևանում, ի հեճուկս ամեն ինչի, մեկնարկեց «Ոսկե ծիրանը»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը լրագրողների հետ զրույցում ողջունեց չնայած ամեն ինչին փառատոնն անցկացնելու՝ կազմակերպիչների նախաձեռնությունը։ Նրա խոսքով՝ այս բարդ օրերին բոլոր նախաձեռնությունները յուրահատուկ իմաստ են ստանում։

«Բոլոր նախաձեռնությունները հարմարվում են մեր տրամադրություններին, մեր առջև դրված խնդիրներին։ Շնորհակալություն եմ հայտնում գործընկերներին, որ նախընտրում են ինչ-որ բան անելը ոչինչ չանելուց», - ասաց Խզմալյանը։

Նրա խոսքով՝ նման միջոցառումները կարևոր են առաջին հերթին այն բանով, որ նպաստում են հասարակական-մշակութային կյանքի շարունակությանը, ստեղծագործական գործունեությանը։ Խզմալյանը նշեց, որ այնտեղ, որտեղ անգործությունը գերակայում է, շուտով սկսում է  տիրել հուսահատությունն ու կասկածը։ Այս միջոցառմամբ ևս մեկ անգամ ընդգծվում է, որ կյանքը կանգ չի առել։

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրային տնօրեն Կարեն Ավետիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ փառատոնի թեմատիկան համահունչ է ժամանակի ոգուն։

Մշակութային զենքը՝ պատերազմի դեմ․ Երևանում, ի հեճուկս ամեն ինչի, մեկնարկեց «Ոսկե ծիրանը»

«Մենք մտածում էին՝ կա՛մ ընդհանրապես չանցկացնել փառատոնը, կան անցկացնելու դեպքում անել ամեն ինչ, որ այն համահունչ լինի ժամանակի ոգուն»,  - ասաց Ավետիսյանը։

Նա նշեց, որ այսօր ոչ ոք չի ուզում դուրս գալ պատերազմական թեմատիկայից, կինո նայելու դեպքում էլ այն պետք է համապատասխանի իրավիճակն։

Ավետիսյանի խոսքով՝ նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում Կինոյի տանը ցուցադրվելու են ֆիլմեր, որոնք այս կամ այն կերպ առնչվում են Ղարաբաղի թեմայի հետ։

Փառատոնը բացվեց ցուցադրությունից, որին մասնակցում են ավելի քան 20 գրաֆիկական նկարիչներ ու դիզայներներ Հայաստանից, Արցախից ու սփյուռքից։ Ավետիսյանը պարզաբանեց, որ ցուցահանդեսի համակարգողներն առաջարկել են պատկերել այն, ինչ հեղինակները զգում են ներկայիս իրավիճակի հետ կապված, արտահայտել իրենց ապրումները գրաֆիկիկական արվեստի լեզվով։ Ցուցահանդեսին ներկայացված են նաև մոտ 30 աշխատանք՝ պաստառների տեսքով։

6 ֆիլմ` նվիրված արցախյան պատերազմին․ «Ոսկե ծիրանը» ևս կմիանա համազգային դրամահավաքին

Փառատոնի շրջանակում առաջին ցուցադրված ֆիլմը ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմն էր։ Ավետիսյանն ասում է, որ սա պատմական ֆիլմ է, քանի որ այն ընտրվել է 2020 թվականին Կաննի կինոփառատոնի շրջանակում։ Դեռ մինչ պատերազմն էր նախատեսված «Ոսկե ծիրանի» բացումն այս ֆիլմով անել։

Նա ցավով նշեց, որ Նորան չի կարողացել ժամանել, բայց տեսաուղերձ է հղել հանդիսատեսին։ Նման իրավիճակ է նաև Մարատ Սարգսյանի «Ջրհեղեղ չի լինելու» ֆիլմի հետ։ Այն ընդհանուր պատմում է պատերազմի մասին։ Ռեժիսորը չի մասնակցելու իր ֆիլմի ցուցադրությանը, քանի որ հիմա գտնվում է առաջնագծում։

Նախագծի շրջանակում ցուցադրվելու են նաև Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը», Գարեգին Պապոյանի «Բարի թռիչը», Սիլվա Խնկանոսյանի «Վախենալու ոչինչ չկա» ու Հակոբ Մելքոնյանի «Բլոկադա» ֆիլմերը։

«Բոլոր այս ֆիլմերը հայ արվեստագետների մշակութային զենքերն են, որոնք թիկունքից «կկրակեն» նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում»,  -ասաց Ավետիսյանը։

Նշենք, որ բոլոր ցուցադրությունները վճարովի են, առանց հրավիրատոմսերի, ստացած ամբողջ գումարն էլ փոխանցվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամ՝ Արցախին օգնելու։

Հիշեցնենք՝ «Ոսկե ծիրանը» ամենամյա կինոփառատոն է, որն ավանդաբար անցկացվում է հուլիսին Երևանում։ Սովորաբար փառատոնին մասնակցում են բազմաթիվ հայտնի ռեժիսորներ ու կինոգործիչներ աշխարհի տարբեր երկրներից։