Հռոմի պապը հակամարտող կողմերին կրկին կոչ է արել երկխոսություն սկսել ԼՂ-ի հարցի շուրջ

Նա նշել է նաև, որ հակասությունները չի կարելի լուծել բռնությամբ և կոչ է արել ընտրել անկեղծ երկխոսության ուղին՝ միջազգային հանրության աջակցությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik․ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հակամարտող կողմերին կրկին կոչ է արել միջազգային հանրության օգնությամբ երկխոսություն սկսել Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ։

 «Չմոռանանք, թե ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում, այնտեղ զինված բախումները հաջորդում են փխրուն զինադադարներին։ Ցավոք, ավելանում է զոհերի թիվը, ավերվում են տները, ենթակառուցվածքներն ու պաշտամունքի վայրերը, քաղաքացիական բնակչությունն ավելի ու ավելի շատ է ներգրավվում պատերազմի մեջ։ Դա ողբերգություն է»,-հայտարարել է հայրապետը՝ Վատիկանի Առաքյալների պալատի պատուհանից հավատացյալներին ուղղված ավանդական կիրակնօրյա ուղերձի ընթացքում:

Եթե գնաք Շուշի, կտեսնեք վերականգնված հոյակերտ մզկիթ. Փաշինյանը հակադարձել է մեղադրանքներին

 «Ուզում եմ կրկին կոչով դիմել հակամարտող կողմերի պատասխանատուներին, որպեսզի նրանք հնարավորինս արագ միջամտեն, որպեսզի կանգնեցնեն անմեղ մարդկանց արյունահեղությունը»,-ընդգծել է Ֆրանցիսկոս պապը։ Նա նշել է նաև, որ հակասությունները չի կարելի լուծել բռնությամբ և կոչ է արել ընտրել անկեղծ երկխոսության ուղին՝ միջազգային հանրության աջակցությամբ։

Հռոմի պապը հավատացրել է, որ ինքն էլ է տառապում տուժածների հետ միասին և կոչ է արել սրբերի միջնորդությունը խնդրել տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 1-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 45 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6997 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 241 անօդաչու սարք, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 669 տանկ և ՀՄՄ, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին