Չկողմնորոշվող Ադրբեջան. տոնում են Ջալալ Հարությունյանի «մահը», հետո նրա դեմ գործ հարուցում

Ադրբեջանը հերթական չստացված բեմադրությունն է արել։ Այս անգամ «Սմերչի» հրթիռը խնամքով անցք է բացել սեղանի մեջ՝ չտեղաշարժելով աթոռները։
Sputnik

Ադրբեջանական քարոզչամեքենան շարունակում է ապատեղեկատվական հեղեղը։ Այդ շարքում զավեշտալի տեղեկություններն իրար հերթ չեն տալիս։ ՀՀ պաշտպանության նախարարությունը «Կեղծիք՝ մանկամտության մակարդակի» խորագրով տեսանյութ է հրապարակել, որում պատմում են մասնավորապես Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանի վերաբերյալ վերջին օրերին հյուսված կեղծ տեղեկությունների, ապա զավեշտալի որոշումների ու հայտարարությունների մասին։

Իլհամ Ալիևը որոշել է 2 խնդիր լուծել. ադրբեջանական հերթական կեղծիքի հետքերով

Հոկտեմբերի 27-ին նախագահ Իլհամ Ալիևը տեսանյութ էր հրապարակել՝ հայտնելով, թե իրենց հաջողվել է մահացու վիրավորել Ջալալ Հարությունյանին։ Այս տեղեկությունն արագ հերքվեց, իսկ դրանից օրեր անց Բաքուն ինքն իրեն հակասեց։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել և միջազգային հետախուզում հայտարարել Ջալալ Հարությունյանի նկատմամբ։ Այն Ջալալ Հարությունյանին, որի «մահը» օրեր առաջ տոնում էր ադրբեջանական քաղաքական վերնախավը։

«Այս կերպ խոստովանեցին, որ ՊԲ նախկին հրամանատարը ողջ է կամ էլ խելագարության այն աստիճանին են հասել, որ ուրվականներին են հետապնդում»,- նշվում է տեսանյութում։

Հետախուզվողների պատվավոր շարքում է նաև ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, նրա խորհրդական Դավիթ Բաբայանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը։ Նրանք մեղադրվում են Գյանջան հրետակոծելու և խաղաղ բնակչության հանդեպ հանցագործությունների համար։

Դրանից հետո էլ Ադրբեջանը հերթական չստացված բեմադրությունն է ներկայացրել։ Նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը Twitter-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որում «Սմերչի» հրթիռը խնամքով անցք է բացել սեղանի մեջ, ապա մխրճվել գետինն ու չի պայթել։ Անգամ աթոռներն են նույն դիրքում խնամքով դրված։

Արծրուն Հովհաննիսյանը խոստանում է՝ Հիքմեթ Հաջիևին անակնկալներ են սպասում