Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի ժնևյան հանդիպումը 6 ժամ է տևել

Արտգործնախարարների հանդիպումը կայացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Ժնևում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԱԳ նախարարի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Հանդիպումը տևեց ավելի քան 6 ժամ։ Մանրամասները դեռ հայտնի չեն։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 29–ին Ժնևում պետք է տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փակ հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ: Սակայն հետո հայտնի դարձավ, որ բանակցությունները մեկ օրով հետաձգվել են։

Իրանի փոխարտգործնախարարը Զոհրաբ Մնացականյանի հետ քննարկել է ԼՂ խնդիրը

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ: 

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։ Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։