Թուրք խաղաղապահներն անընդունելի են ինչպես ՀՀ–ի, այնպես էլ ԱՄՆ-ի համար. Թրամփի խորհրդական

Թրամփի խորհրդականն ընդգծել է, որ նույնիսկ իր հետ անձնական զրույցներում թուրք բարձրաստիճան պաշտոնյաները հերքում են ահաբեկիչներին Ադրբեջան տեղափոխելու փաստը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Լեռնային Ղարաբաղում թուրք խաղաղապահների տեղակայումն անընդունելի է ինչպես Հայաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի համար։ Լոս Անջելեսում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն է արել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ' Բրայենը:

Օպտիմալ լուծումը ռուս խաղաղապահների տեղակայումն է. Նիկոլ Փաշինյան

«Երեք անգամ կողմերի միջև կրակի դադարեցման պայմանավորվածություն է ձեռք բերվել, և երեք անգամ էլ այն խախտվել է։ Ակնհայտ է, որ առանց խաղաղապահների ներկայության տարածաշրջանում տևական հրադադար չի լինի։ Խաղաղապահները չպետք է ներկայացնեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի հարևան երկրները։ Ղարաբաղում թուրք խաղաղապահների տեղակայումն անընդունելի է ինչպես Հայաստանի, այնպես էլ ԱՄՆ - ի համար», - հայտարարել է Օ' Բրայենը։

Նա ընդգծել է, որ նույնիսկ իր հետ անձնական զրույցներում թուրք բարձրաստիճան պաշտոնյաները հերքում են ահաբեկիչներին Ադրբեջան տեղափոխելու փաստը:

«Ադրբեջանն առավելություն ունի պատերազմում, քանի որ իր նավթային ռեսուրսների հաշվին հսկայական քանակությամբ զենք է գնել։ Բացի այդ Թուրքիան ամեն կերպ աջակցում է Ադրբեջանին ՝ զենք մատակարարելով և ահաբեկիչներ վարձելով։ Բայց Թուրքիայում դա հերքում են, նույնիսկ ինձ հետ խոսելիս», - ասել է Թրամփի խորհրդականը։

Օ' Բրայենը նաև հայտնել է, որ հայ համայնքի հետ հանդիպումը նախաձեռնել է նախագահ Դոնալդ Թրամփը: Նրա խոսքով ՝ Թրամփն ինքն է առաջարկել իրեն հանդիպել «Արևմտյան ափի իր հայ ընկերների հետ»։

Զոհրաբ Մնացականյանը խոսել է Արցախում խաղաղապահ գործողությունների մասին

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ: 

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։ Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։