Ֆոսֆորը կարող է վնասել ոսկորներն ու ոսկրածուծը. ՊՆ-ն` Ադրբեջանի կիրառած զինամթերքի մասին

Անգամ վերքը մշակելիս բուժաշխատողը կարող է այրվածքներ ստանալ, եթե վերապատրաստված չլինի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook-ի իր էջում որոշ տեղեկություններ է հայտնում ֆոսֆորի և դրա վտանգավորության մասին։

Ֆոսֆորային զենք Արցախում․ ինչ է հայտնի արգելված զինամթերքի մասին

Հիշեցնենք՝ երեկ հակառակորդն Արցախում՝ բնակավայրերին մոտ անտառային տարածքներում ֆոսֆորային զենք է կիրառել։

«Ֆոսֆորն ինքնին թունավոր նյութ է: Այն կարող է հանգեցնել ոսկորների և ոսկրածուծի վնասմանը, ինչպես նաև հյուսվածքների մահվան: Նման ռումբի ոչնչացման գոտի ընկած անձը կարող է մահացու վնասվածքներ ստանալ՝ մասնավորապես խորը այրվածքներ»,- գրել է Ստեփանյանը։

Նրա տեղեկություններով՝ անգամ բժշկական օգնություն տրամադրելիս պետք է զգույշ լինել և տեղեկացված։ Ֆոսֆորից այրվածքներ ստացած անձին օգնություն ցուցաբերող բուժաշխատողն անգամ վերքը մշակելիս կարող է այրվածքներ ստանալ։ Դրա համար էլ բուժաշխատողը պետք է վերապատրաստված լինի՝ նաև ինքն իրեն չվնասելու համար։

Ադրբեջանի վերջին կորուստները` ևս 7 ԱԹՍ, 7 զրահատեխնիկա, ավելի քան 30 զոհ

Ստեփանյանը նաև գրառմանը կից ներկայացրել է «Զինուժ մեդիա»-ի պատրաստած տեսանյութը։ Մասնագետների խոսքով՝ ֆոսֆորը կարող է վնաս հասցնել ինչպես բաց տարածքում գտնվող, այնպես էլ պատսպարված կենդանի ուժին, շարքից հանել զինտեխնիկան ու սպառազինությունը։ Արտազատված ծուխը վնասում է մարդու շնչառական և աղեստամոքսային համակարգերը։

Նշվում է, որ ֆոսֆորային զինամթերքը կիրառվել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Անտեսելով դրա օգտագործումն արգելող փաստաթղթերը՝ որոշ երկրներ, այդ թվում Ադրբեջանը, շարունակում են այն ձեռքբերել։

«Սպիտակ ֆոսֆորը ինքնաբռնկումից հետո կարող է  առաջացնել մոտ 1300 C ջերմաստիճան։ Այրման ժամանակ խիտ ծխարտադրություն է տեղի ունենում, և խեղդող ազդեցություն է ունենում մարդկանց և կենդանիների վրա։ Իսկ 0,005-0,015 գրամի դեպքում այն մահացու է մարդու համար»,- նշում է ՌՔԿՊ զորքերի քիմիական անվտանգության ապահովման բաժանմունքի պետ Ռաֆայել Փնջոյանը։

Նշվում է, որ ֆոսֆորային և մի շարք այլ զինատեսակների կիրառությունը հատուկ է թուրքական մարտավարությանը։ Թուրքական ԶՈւ-ն տարբեր ժամանակահատվածներում դաշտերի, անտառների հրդեհումն օգտագործել են որպես մարտավարություն։

Տեսանյութում նաև մանրամասն խորհուրդներ են ներկայացված, թե ինչպես պաշտպանվել ֆոսֆորից և դրա ծխից։

Հայերն Ադրբեջանի պետական փաստաթղթերի հասանելիություն են ստացել. տեսանյութ