Կանանց առաջին վաշտի մարզումները շարունակվում են։ ՀՀ ՊՆ-ն նոր տեսանյութ է հրապարակել, որում կամավորագրված կանայք պատմում են մարզումների և իրենց առաքելության մասին։
«Թիկունքում տարբեր աշխատանքների մասնակցելով՝ մենք հասկացանք, որ պատերազմական գործողությունը շարունակվում է ոչ մեր կամքով, սակայն մեր ներկայությամբ կարող ենք օգուտ բերել նաև Արցախում»,- պատմում է կանանցից մեկը։
Նրա խոսքով՝ դիմել են պաշտպանության նախարարությանն ու խնդրել վերապատրաստել իրենց։
Մինչ առաջնագծի զինծառայողների շարքերը համարելը՝ կանայք նախ զինպատրաստության դասեր են անցնում, անհրաժեշտ գիտելիքներ ձեռքբերում, ֆիզիկապես կոփվում։
«Ոգու և կամքի պակաս չկա ոչ մի կնոջ մոտ, բայց ընդհանուր անհրաժեշտ տակտիկական հնարքների, զենքի տիրապետման և տեխնիկական հմտությունների պակասը բոլորիս մոտ առկա է»,- պատմում է ջոկատի հրամանատարն ու նշում՝ բոլորը գիտեն, թե ինչի համար են այստեղ եկել։
Կանայք նաև առաջին բուժօգնության դասեր են անցնում. այս գիտելիքներն առաջնագծում կյանք արժեն։
«Կոչ ենք անում աղջիկներին ու կանանց միանալ հայրենական կռվին». կանայք զինվորագրվում են
Աղջիկներից մեկը նշում է՝ եղբայրներից մեկն Ապրիլյան պատերազմի մասնակից է, մյուսն էլ հիմա առաջնագծում է, վերադարձել է Մոսկվայից հատուկ հայրենիքի պաշտպանությանը մասնակցելու։ Ինքն էլ գնում է եղբայրների կողքին լինելու։ Լավ է մտածել, կշռադատել որոշու կայացնելուց առաջ։
Կանանց շարքերում նաև մայրեր կան, նշում են՝ եկել են իրենց երեխաների ապագայի համար պայքարին մասնակցելու։