Իրանի նախագահի հատուկ պատվիրակը ներկայացրել է իրավիճակի հաղթահարման իրանական մոտեցումը

Մերձավոր Արևելքից ահաբեկիչների առկայությունը զրուցակիցները դիտարկել են որպես ողջ տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող վտանգ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Սեյեդ Աբաս Արաղչիին: Տեղեկությունը հաղորդում է վարչապետի մամուլի ծառայությունը։ Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հետ բարեկամական հարաբերությունները և ողջույններ փոխանցել Իրանի հոգևոր առաջնորդին, նախագահին և կառավարությանը։

Տարածաշրջանային մոտեցում, իրատեսություն․ Արաղչին նկարագրել է Ղարաբաղի հարցով Իրանի ծրագիրը

«Արաղչին ներկայացրել է Իրանի մոտեցումները տարածաշրջանում ստեղծված իրավիճակի հաղթահարման ուղղությամբ՝ խոր մտահոգություն արտահայտելով շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ: Պարոն Արաղչին իր ցավակցությունն է հայտնել խաղաղ բնակիչների շրջանում զոհերի կապակցությամբ և դատապարտելի համարել քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակավայրերի թիրախավորումը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգության խնդիրները, երկուստեք անհանգստություն հայտնել ռազմական գործողություններում Մերձավոր Արևելքից միջազգային ահաբեկիչների մասնակցության վերաբերյալ։ Սա նրանք դիտարկում են «որպես ընդլայնման ներուժ պարունակող վտանգ, որը սպառնում է ողջ տարածաշրջանի անվտանգությանը»։

Քաղաքական խորհրդակցություններ. ի՞նչ են քննարկել Հայաստանի և Իրանի ԱԳ ներկայացուցիչները

Նշվում է, որ վարչապետը բարձր է գնահատել Իրանի հավասարակշռված և կառուցողական մոտեցումը տարածաշրջանային խնդիրների նկատմամբ:

Հիշեցնենք, որ ​Իրանի փոխարտգործնախարար Սեյեդ Աբաս Արաղչին նախօրեին որպես ղարաբաղյան կարգավորման հարցով Իրանի նախագահի հատուկ բանագնաց` այցելել է Բաքու, ապա Մոսկվա, իսկ Երևանից մեկնելու է Անկարա։ 

Արաղչիի այցերի հիմնական նպատակը տարածաշրջանային տերությունների մասնակցությամբ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման` իրանական նախաձեռնության մասին շահագրգիռ կողմերին տեղեկացնելն է։