Ճակատ մեկնելու ցանկություն հայտնածները Երևանում սովորում են ողջ մնալու արվեստը. տեսանյութ

Sputnik Արմենիայի թղթակիցներն այցելել են մարտական պատրաստության կենտրոն, որտեղ մարզում են նորակոչիկներին։
Sputnik

«Ողջ մնալու արվեստը» կենտրոնն ամեն օր մարտական պատրաստություն է անցկացնում Արցախում մարտական գործողություններին մասնակցելու ցանկություն հայտնած քաղաքացիների համար։

Ամուսինը Տող գյուղի հրամանատարն էր, հիմա էլ 3 որդիներն են առաջնագծում. տեսանյութ

Մասնակիցներին ընտրում են` հաշվի առնելով առողջական վիճակն ու տարիքը` տղամարդկանց դեպքում մինչև 60 տարեկան, կանանց համար` 50։  Ընդհանուր մարտական պատրաստություն է անցկացվում բոլոր մասնակիցների համար, այնուհետև նրանք խմբերի են բաժանվում և յուրացնում ողջ մնալու, առաջին անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելու, լեռնագնացության հմտությունները, ինչպես նաև մարտավարություն և հոգեբանություն։

Խմբային պարապմունքներին անցնելուց առաջ մեկ ժամանոց նախավարժանք է անցկացվում։ Ամենազվարճալի պահն այն է, երբ աղջիկներն անցնում են տղաների վրայով։  Տղամարդիկ կատակում են, որ արդեն գիտեն բոլոր աղջիկների քաշը, իսկ երբ աղջիկները մոտենում են նրանց, խնդրում են բաց թողնել իրենց։ Նախավարժանքի ժամանակ հաճախ լսվում է  «օդ» հրահանգը (օդից հարձակում – խմբ.)։  Մասնակիցներին սովորեցնում են ճիշտ դրսևորել իրենց օդային գրոհների կամ անօդաչուների հարձակման դեպքում, ինչն այս պատերազմի նորույթներից է։  Հրահանգիչ Արամե Զաքարյանը վստահեցնում է, որ պատրաստությունն անցկացվում է հաշվի առնելով մարտական գործողությունների բոլոր մանրուքները, մասնակիցներն էլ սովորում ամենակարևորը` գոյատևել մարտական տարբեր պայմաններում։

Արցախի պաշտպանության բանակը հերթական դիվերսիոն խմբին է ոչնչացրել. տեսանյութ

Ի դեպ, նա աղջիկներին զիջումներ չի անում. իր համար բոլոր մարտիկները հավասար են։

Մարկոսյան Աստղիկն ամեն կերպ օգնում էր թիկունքային աշխատանքներին, բայց որոշեց մարտական պատրաստություն անցնել այն դեպքի համար, եթե հանկարծ ռազմաճակատում զգան նաև իր կարիքը։ Աղջիկը փորձել է կապ հաստատել կանանց ջոկատների հետ, բայց մինչ նրանցից պատասխան ստանալը  սովորում է այն տարրական բաները, որոնք պետք է իմանալ ճակատ մեկնելուց առաջ։  Խոստովանում է, որ ամենադժվարն առաջին օրերն էին, քանի որ օրգանիզմը սովորում է ծանրաբեռնվածությանը, իսկ հետո արդեն հեշտ է։ Ի դեպ, նա պատրաստ է նաև ճակատ մեկնել, միայն թե իմանա, որ ոչ ոքի չի խանգարի ու զինծառայողների համար բեռ չի դառնա։

Կանանց վաշտում մայրեր էլ կան, եկել են իրենց երեխաների ապագայի համար պայքարելու. տեսանյութ

17 տարեկան Սարգիս Մարգարյանը նույնպես կցանկանար ճակատ մեկնել, բայց որպես կամավոր նրան չընդունեցին տարիքի պատճառով։  Մարտի դաշտում 5 ընկեր և 2 եղբայր ունի և փորձում է սովորել անհրաժեշտն ու նրանց օգնության մեկնել, թեև համոզված է, որ նրանք առանց իրեն էլ հիանալի գլուխ են հանում։

«Մեզ անհրաժեշտ են ռազմական գիտելիքները, քանի որ ապրում ենք պատերազմող երկրում։ Ցանկալի է, որ բոլորը կարողանան զենք օգտագործել ու մարտական գործողություններ կատարել», – ասում է Սարգիսը։

Պատրաստություն են անցնում նաև բազմաթիվ մեծահասակներ։ Նրանցից մեկը վայելում է հրահանգչի հատուկ ուշադրությունը` 45 տարեկան ֆրանսահայ Քերողլյան Հրայրը, որը ծնվել է Լիբանանում։ Որդու հետ պատերազմը սկսվելուն պես շտապել է հայրենիք։  Տղային Սյունիքի մարզ են ուղարկել, իսկ ինքը պատրաստություն է անցնում ու պատրաստ է մեկնել առաջնագիծ։ Ասում է՝ կարողանում է մեքենաներ նորոգել, և իր հմտությունները կարող են օգտագործվել հակառակորդի դեմ։ Նա ընդհանրապես կարծում է, որ ժամանակն է բոլոր սփյուռքահայերն անեն իրենց ընտրությունն ու դադարեցնեն հավերժական թշնամու ագրեսիան։

«Ես սփյուռքահայ եմ։ Ցեղասպանությունը ուսերիս վրա 45 տարի շալկած եմ։ Եվ հիմա չեմ ուզեր տեսներ անգամ մը ևս ջարդվենք։ Չեմ ուզեր անտարբեր մնալ։ Անկարելի է», – ասում է նա։