Ժնևում մեկնարկել է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը. լուսանկարներ

Ավելի վաղ հանդիպել են ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Ժնևում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ժնևում կայացել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը։

Հանդիպումը պետք է տեղի ունենար հոկտեմբերի 29–ին, սակայն հետո հայտնի դարձավ, որ բանակցությունները մեկ օրով հետաձգվել են։

Ադրբեջանի պահանջներն աբսուրդային են. ՀՀ-ն պատասխանել է Ադրբեջանի՝ ՄԻԵԴ-ին ուղղված դիմումին

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ:

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։ Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։