Սեպտեմբերի 27-ի առավոտյան տիկին Անժելան ռազմաճակատ ճանապարհեց իր 3 որդիներին ու ստիպված թոռների, ընտանիքի հետ տեղափոխվեց մայր Հայաստան։
«Զինուժ մեդիան» տեսանյութ է պատրաստել տողեցի ընտանիքի մասին։ Լրագրողի հետ զրույցում կինը նշում է՝ այս կռիվը մի օր պետք է լիներ, անխուսափելի էր։
«30 տարվա մեջ ամեն օր մենք սպասում էինք էս պահին, բայց ոչ էս աստիճանի»,- ասում է արցախցի կինը։
Տիկին Անժելան նույնպես հերոսուհի է։ Արցախյան առաջին պատերազմում ամուսնու կողքին հայրենի Տողն գյուղն է պաշտպանել։ Հպարտությամբ նշում է՝ ամուսինը Տող գյուղի հրամանատարն էր։
Հիմա էլ որդիներն են իրենց կռիվը շարունակում։ Դիվերսիոն հարձակման ժամանակ նրա զավակներից մեկը վիրավորվել է թշնամու գնդակից, բայց արդեն ապաքինվում է։
«Ամենակարևորը մարդկային կորուստն է, որ չլինի»,- ընդգծում է տիկին Անժելայի հարսիկը՝ Գայանեն։ Ասում է՝ թեկուզ գյուղն ավերված լինի, խնդիր չէ, կվերականգնեն։ Կարևորը՝ տուն վերադառնան։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6914 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 232 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 649 տանկ և ՀՄՄ:
Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին
Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։
Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին