ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի - Sputnik. Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացնում է, որ Ադրբեջանը շարունակել է թիրախավորել հումանիտար գործառույթներ իրականացնող Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցներին։
«Ադրբեջանի կրակոցների հետևանքով ԱԻՊԾ մեկ աշխատակից՝ Հարություն Աթաջանյանը զոհվել է, իսկ 5 աշխատակիցներ վիրավորվել են»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հոկտեմբերի 29-ին Ադրբեջանի կողմից շարունակաբար թիրախավորվել են Արցախի խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:
Պարզվել է, որ օրվա ընթացքում Ստեփանակերտին հասցված հրթիռային հարվածների հետևանքով վիրավորվել է երկու քաղաքացի: Ավերվել կամ վնասվել են բնակելի տներ և մեքենաներ, ինչպես նաև կենսական նշանակության քաղաքացիական ենթակառուցվածքներ:
Շուշի քաղաքի հրթիռակոծության հետևանքով քաղաքի բնակելի հատվածներին և քաղաքացիական օբյեկտներին հասցվել է նյութական մեծ վնաս:
Ադրբեջանական հարվածների հետևանքով Ասկերանի շրջանի Սղնախ գյուղում երկու քաղաքացիական անձ է վիրավորվել: Բացի այդ, Ասկերան, Մարտակերտ և Մարտունի քաղաքներն ու հարակից բնակավայրերը նույնպես ենթարկվել են հարվածների, քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ չկան, սակայն համայնքներին հասցվել է նյութական մեծ վնաս:
Այսօր լուսաբացին հրթիռակոծվել էր Ստեփանակերտը։ Ամբողջությամբ ավերվել է բնակելի մեկ տուն։ Տան տերն ու հարևանը վիրավորվել են։ Հարվածից վնասվել են գազատար խողովակն ու էլեկտրական լարերը և մեկ ավտոմեքենա։ Կեսօրին ևս «Սմերչ» կայանքից հրթիռներ են արձակվել մայրաքաղաքի ուղղությամբ։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 29-ի ժամը 18։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 226 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 632 տանկ և ՀՄՄ:
Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին
Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։
Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին