Բողոքի ակցիա Իսրայելում` ընդդեմ Ադրբեջանին զենք վաճառելու. տեսանյութ

Մեկ շաբաթ առաջ հայերը բողոքի ակցիա էին անցկացրել Երուսաղեմում Իսրայելի ԱԳՆ–ի դիմաց, այժմ էլ հավաքվել են Թել Ավիվում։
Sputnik

Հերթական բողոքի ակցիան անցկացվեց Իսրայելում` ընդդեմ Ադրբեջանին զենք վաճառելու։ Մի քանի տասնյակ ցուցարարներ Հայաստանի և Արցախի դրոշներով հավաքվել են Թել Ավիվում։ Ցուցարարները հայրենասիրական երգեր են կատարել և դուդուկ հնչեցրել։

Դադարեցրեք զենքի վաճառքը Ադրբեջանին. Իսրայելի և Արգենտինայի հայերի բողոքի ակցիան

Ցույցն անցկացվել է Թել Ավիվի պատմական կենտրոնում, ընդ որում խորհրդանշական վայրում` Հաբիմա հրապարակում, որտեղ գտնվում է Իսրայելի ազգային համանուն թատրոնը։ Թատրոնի առաջին գեղարվեստական ղեկավարը (1917-ին, դեռ Մոսկվայում) Եվգենի Վախթանգովն էր, որը հայկական արմատներ ուներ։

Նշենք, որ մեկ շաբաթ առաջ` հոկտեմբերի 23-ին, Իսրայելի հայերը բողոքի ակցիա էին կազմակերպել Երուսաղեմում իսրայելական ԱԳՆ–ի շենքի դիմաց։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Հայաստանը որոշեց կանչել Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին՝ Ադրբեջանին զենք վաճառելու պատճառով։ 

ՀՀ կառավարությունը դեռ 2019 թվականի սեպտեմբերին էր որոշել դեսպանատուն բացել Իսրայելում։ 2020թ–ի փետրվարի 25-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել, ըստ որի` Իսրայելում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանի նստավայրը պետք է լիներ Թել Ավիվում (մինչ այդ նստավայրը Երևանում էր)։

Հայաստանի և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի ապրիլին։

Կիպրահայերը խոշոր ցույց են անցկացնում Իսրայելի դեսպանատան մոտ