Փրկարարների թիրախավորումը պատերազմական ծանրագույն հանցագործություն է. ԱՀ ՄԻՊ

Արդեն 2-րդ անգամ է, որ ադրբեջանական ագրեսիայի թիրախում հայտնվում են Արցախի փրկարարները, որոնք պատերազմական այս օրերին թիկունքում հումանիտար առաքելություն են իրականացնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության՝ մարդասիրական առաքելություն իրականացնող աշխատակիցների թիրախավորումը պատերազմական հանցագործություն է: Ադրբեջանի կողմից Շուշի քաղաքի այսօրվա հրթիռակոծության հետևանքով Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցների ստացած վնասվածքների փաստին այս գնահատականն է տվել Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

«Մարդասիրական գործառույթներ իրականացնող անձանց և հաստատությունների թիրախավորումը ևս մեկ անգամ փաստում է, որ Ադրբեջանը առանց կաշկանդվելու իրականացնում է պատերազմական ծանրագույն հանցագործություններ՝ անտեսելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը»,- ասվում է ՄԻՊ–ի տարածած հայտարարության մեջ:

Նշենք, որ այսօր հետկեսօրին Շուշիի հրթիռակոծության ժամանակ մասնագիտական պարտականությունը կատարելիս մարմնական տարբեր վնասվածքներ են ստացել ԱԻՊԾ Շուշիի շրջանային բաժնի 3 փրկարար: Վիրավորված փրկարարներից Հարութ Ապրեսյանն արդեն դուրս է գրվել բուժհաստատությունից, Գեղամ Գրիգորյանը վիրահատվել է, Կարոտ Բաղրյանի վիճակը կայուն է:

Ստեփանակերտի հրթիռակոծության հետևանքով վիրավորված 25-ամյա փրկարարը մահացել է

Հիշեցնենք` արդեն 2-րդ անգամն է, որ ադրբեջանական ագրեսիայի թիրախում հայտնվում են Արցախի փրկարարները, որոնք պատերազմական այս օրերին թիկունքում հումանիտար առաքելություն են իրականացնում։

Հոկտեմբերի 2-ին Ադրբեջանը թիրախավորել էր Արտակարգ իրավիճակների պետական ծառայության շենքը, որի հետևանքով հումանիտար գործառույթ իրականացնող մարմնի 1 աշխատակից զոհվել է, իսկ 6-ը՝ ստացել տարբեր աստիճանի վիրավորումներ:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Շուշիի հրթիռակոծությունից փրկարարներ են վիրավորվել

Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1068 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 223 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 618 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին