Ինչպես օտարերկրացիներին ներգրավել հայերի պայքարի մեջ. 7 խորհուրդ ԱՄՆ–ից

Հայերին կարող է թվալ, որ իրենք միայնակ են իրենց պատերազմում, սակայն շատ մարդիկ կան, որոնք անտարբեր չեն մարդու իրավունքների նկատմամբ և որոնք պատրաստ են պայքարել հանուն արդարության, եթե միայն իրենց հուշեն` ինչպես։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ–ում բնակվող Դալիթա Գեցոյանը (Dalita Getzoyan) The Armenian Weekly–ում մի հոդված է հրապարակել, որում 7 գործնական խորհուրդ է տրվում, թե ինչպես օտարերկրացիներին ներգրավել հանուն Արցախի հայերի պայքարին կամ գոնե իրազեկել այն մասին, թե ինչ է տեղի ունենում հակամարտության գոտում։

Գեցոյանը գրում է, որ օտարերկրացիներից շատերին անձամբ է պատմել Արցախի հայերի գոյամարտի մասին և որոշել է ներկայացնել իր փորձը։ Եվ այսպես` 7 քայլ, որոնք կարելի է անել.

1. Արցախի իրավիճակի մասին «ելույթ վերելակի համար»

 «Ելույթ վերելակի համար» (Elevator Speech) տերմինը մարքեթինգում և բիզնեսում ընդունված տերմին է, որը մի քանի նախադասությամբ կարճ պատմություն է որևէ գաղափարի կամ հայեցակարգի մասին։ Գեցոյանը խորհուրդ է տալիս նախապես պատրաստած մի քանի նախադասություն պարունակող տեքստ ունենալ օտարերկրացիներին Արցախում տիրող իրավիճակի մասին արագ տեղեկություն փոխանցելու համար։

 «Սա Հայաստանի համար իսկապես ծանր ժամանակ է։ Ադրբեջանն ու Թուրքիան իմ պատմական հայրենիքի վրա հարձակում են իրականացնում արդեն մի ամբողջ ամիս։ Ես այս պատերազմի պատճառով ծանոթներ եմ կորցրել, ընկերներիցս շատերը վտանգված են։ Ադրբեջանն ու Թուրքիան ռազմական հանցագործություններ են կատարում, նրանք պատերազմ են սկսել համավարակի շեժ շրջանում, խախտել հրադադարի մասին ձեռք բերված համաձայնությունը, ռմբակոծում են բնակավայրերը։ Ոչ ոք նրանց պատասխանատվության չի կանչում։ Թուրքիան փորձում է ավարտել ավելի քան 100 տարի առաջ` Հայոց ցեղասպանության ժամանակ սկսածը։ Մեզ վրա նոր ցեղասպանության սպառնալիք է կախված, այդ պատճառով փորձում եմ անել հնարավոր ամեն ինչ` ժողովրդիս հենց այս պահին օգնելու համար»։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

Երբեմն նման մի պատմություն բավարար է, նույնիսկ ազգությամբ ոչ հայ մարդկանց մոտիվացնելու մասնակցել սփյուռքի ակցիաներին կամ սոցցանցերում Արցախի մասին տեղեկություն տարածելու համար։

2. Պատմեք ձեր պատմությունը

Դալիթա Գեցոյանը խորհուրդ է տալիս սոցցանցերում և առանձին զրույցներում հիշատակել պատերազմի հետ անձնական կապի մասին։ Օրինակ` նա պատմում է իր նախնիների պատմությունը, որոնք մազապուրծ են եղել 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ, և պատմում է ներկայիս պատերազմի պատճառով զոհված կամ տուժած ծանոթների ու ընկերների մասին։

«Դրանից բացի պատմում եմ` ինչպես է պատերազմն ազդել հոգեկան առողջությանս վրա։ Մեր ընկերները հոգ են տանում մեր մասին։ Երբ պատերազմը քննարկում ես որպես իրականություն, որն անձամբ քեզ վրա է ազդում, այլ ոչ որպես հեռու քաղաքական իրադարձություն, ընկերները կլսեն և կփորձեն խորանալ պատմության մեջ», – նշվում է հոդվածում։

3. Արցախի թեման կապեք նրա հետ, ինչ տեղի է ունենում աշխարհում

Հնարավորինս շատ մարդկանց հետաքրքրելու համար անհրաժեշտ է զուգահեռներ անցկացնել Արցախի և աշխարհում տեղի ունեցող հայտնի իրադարձությունների միջև։ Արցախի դեմ մղվող պատերազմը կարելի է կապել Հյուսիսային Ամերիկայի բնիկ ժողովուրդների ճակատագրի հետ, որոնք սպանվել են կամ ստիպված եղել թողնել հարազատ հողերը։ Հայ–ադրբեջանական պատերազմի վերաբերյալ մամուլում առկա կեղծիքը կարելի է համեմատել Black Lives Matter շարժումը և մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված այլ ակցիաները ԶԼՄ–ների կողմից բացասական ներկայացնելու փորձի հետ։ Հենց նման զուգահեռների շնորհիվ մարդիկ կկարողանան հասկանալ անարդարության մասշտաբները, ավելի խորն ընկալել հայերին պատուհասած դժբախտությունը։

4. Ոչ միայն հրապարակային գրառումներ, այլև առանձնազրույցներ

Հսկայական քանակի տեղեկության առկայության պարագայում մարդիկ կարող են  թերթել լրահոսն ու սոցցանցերում իրենց էջերը, իսկ նկատելով Արցախի մասին գրառումները, մտածել. «Դա սարսափելի է»։ Սակայն նրանք նախկինի պես կարող են կապ չզգալ այդ իրադարձությունների հետ։ Դրա համար առանձնազրույցներ է պետք վարել չաթերում և մեսենջերներում։ Կարելի է տեղեկացնել պատերազմի մասին և անմիջականորեն օգնություն կամ աջակցություն խնդրել։  Մարդիկ կգնահատեն այն ժամանակն ու էներգիան, որը նրանց հետ շփման մեջ եք ներդրել։

5. Հուշեք ընկերներին` կոնկրետ ինչ է պետք անել

Զրույցները պետք է գործողությունների վերածվեն։ Այն պահին, երբ օտարերկրյա ընկերները կհասկանան պատերազմի հայեցակարգը, նրանց պետք  է հուշել օգնություն ցուցաբերելու կոնկրետ եղանակները։ Black Lives Matter շարժումը մեծ հնչեղություն ստացավ շնորհիվ այն բանի, որ դրան մասնակցում էին ոչ միայն սևամորթները։

Սպիվակովն առաջիկա համերգի հոնորարը փոխանցել է Արցախի երեխաների օգնության հիմնադրամին

Եվ այսպես` ի՞նչ կարող է անել ձեր օտարերկրյա ընկերը։ Նա համապատասխան հեշթեգերով ինֆորմացիա կարող  է տարածել սոցցանցերում։ Բացի այդ, նա կարող է մասնակցել հայ համայնքի տարբեր ակցիաներին և նախաձեռնություններին և հանգանակություն կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամի համար։

6. Միշտ շնորհակալություն հայտնեք. երբեք մի մեղադրեք

Հայերին կարող է թվալ, որ իրենք միայնակ են իրենց պայքարում, և դա կարող է դրսևորվել մեղադրանքների տեղատարափի և անմասն մնալու համար ամոթանք տալու փորձերում։ Սակայն նման մարտավարությունը օտարերկրացիների հետ շփման մեջ որևէ լավ բանի չի հանգեցնի։

Դրա փոխարեն շնորհակալություն է պետք հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցում են հայկական նախաձեռնություններին։ Նման մարդկանց հասցեին երախտիքի խոսքեր կարելի է գրել սոցցանցերում։ Մարդիկ ուզում են որևէ դրական բանի մաս լինել, և նրանց մոտիվացնում է այն գիտակցումը, որ կարող են աշխարհը դեպի լավը փոխել, և որ իրենց ջանքերը կգնահատվեն ըստ արժանվույն։

7. Հայերին ներկայացրեք ոչ թե որպես զոհ, այլ տոկուն ժողովուրդ, որն ի հեճուկս բոլոր դժբախտությունների` գոյատևում է

«Զոհի դեր խաղալով` դուք հուսահատության և անզորության զգացում եք առաջացնում,  որոնք կարող են դեմոտիվացնել օտարերկրացուն  և Հայաստանին օգնելու նրա ցանկությունը զրոյի հավասարեցնել. չէ՞ որ նրանց դա կարող է անիմաստ թվալ»,– գրում է հոդվածի հեղինակը։ Հակառակը, ներկայացնելով հայ ժողովրդին որպես տոկուն և անկոտրում ազգ, մարդկանց բոլորովին այլ տրամադրվածություն է փոխանցվում։

Ադրբեջանը հիմնովին ավերում է ժամանակավոր իր տիրապետության տակ գտնվող տարածքները

«Մենք մեծ հաջողությունների ենք հասել մշակույթի, քաղաքականության, տնտեսության բնագավառում ի հեճուկս այն բանի, որ աշխարհում դեռ շարունակում են Հայոց ցեղասպանությունը ժխտելու քաղաքականություն վարել։ Այո, դժվար է պայքարել, երբ մեզ վրա հարձակվում են համավարակի թեժ պահին, սակայն կանգ առնել չի կարելի, պետք է փոփոխությունների և իրավիճակի բարելավման հույս ունենալ։ Հակառակ դեպքում` մենք միայն  թույլ ենք տալիս շարունակել մեզ ոչնչացնել։ Ոչինչ չի փոխվի, քանի դեռ մենք զոհի կերպարում ենք», – ասվում է հոդվածում։

«Հայերն իրենց դարավոր պատմության ընթացքում  հազարավոր անգամներ են գոյամարտ մղել  և կրկին գոյատևելու են։ Կան մարդիկ, որոնք անտարբեր չեն դրա նկատմամբ, որոնք հավատ ունեն մարդկության և արդարության հանդեպ։  Եվ հենց այդպիսի մարդկանց հետ պետք է փորձել այս աշխարհն ավելի լավը դարձնել և թույլ չտալ հաղթել այնպիսի ահաբեկչական երկրների, ինչպիսիք են Ադրբեջանն ու Թուրքիան»,– եզրափակել է հոդվածի հեղինակը։

Լացող ու աղոթող կանայք և չընդհատվող վիրահատություն. կադրեր Ստեփանակերտի հիվանդանոցի ներսից