Ավելի քան հարյուր ՀՀ քաղաքացի Թուրքիայից Հայաստան են վերադարձել

Թուրքիայում հրատարակվող հայկական պարբերականի գլխավոր խմբագիրը հայտնել է, որ ՀՀ քաղաքացիները հայրենիք են վերադառնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. 142 ՀՀ քաղաքացի հոկտեմբերի 28-ին հայրենիք են վերադարձել։ Տեղեկությունը Twitter–ի էջում հայտնել է Ստամբուլում հրատարակվող հայկական «Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Էդվարդ Տանձիկյանը։

«Մենք կորցնում ենք։ Մենք բոլորս ենք կորցնում, խաբվում ենք», - գրել է նա։

​Ավելի վաղ Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը հայտնել էր, որ Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողությունները սկսվելուց հետո հայերի հանդեպ սպառնալիքներն ավելացել են։

Նա ավելացրել է, որ Թուրքիայի իշխող «Արդարության ու զարգացման կուսակցությունը» Թուրքիայում սովորական է դարձրել ատելության մթնոլորտը։

Էդմոն Մարուքյանն արտերկրի հայերին հորդորում է թուրք–ադրբեջանական սադրանքներին չտրվել

Ստամբուլում մոտ 40 հազար հայ է ապրում։ Ստամբուլի հայ համայնքը Թուրքիայի էթնիկ փոքրամասնությունների ամենամեծ համայնքն է։ Ընդհանուր առմամբ` երկրում 60 հազար հայ է ապրում։

Նշենք, որ սեպտեմբերի 27-ին Արցախում մարտական գործողությունների սկսելուց հետո Ստամբուլի հայկական թաղամասերում ադրբեջանական դրոշներով մեքենաներ էին շրջում։ Հայկական մի քանի պաշտոնական կայք արգելափակվել են։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1119 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 226 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 632 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին