Արցախը հրապարակել է ադրբեջանցիների քայքայվող դիակների կադրերը

Ադրբեջանը միակողմանի հրաժարվել էր դիակների փոխանակման առաջարկից և երեք անգամ անընդմեջ խախտել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդությամբ հայտարարված հումանիտար հրադադարը։
Sputnik

Արցախի պաշտպանության բանակը ռազմաճակատում մնացած ադրբեջանական դիակների տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացվում է, թե ինչ աղետալի վիճակ է ստեղծվել դրանց պատճառով։

Դեռ հոկտեմբերի առաջին տասնօրյակում հայկական կողմը հայտարարել էր, որ  ռազմաճակատի որոշ հատվածներում համաճարակային կրիտիկական իրավիճակ է ստեղծվել` կապված հակառակորդի անթիվ դիակների հետ։

ՊԲ-ն հրապարակել է Ադրբեջանի քաղաքներում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը

Պաշտոնական հայտարարությունների համաձայն` սանիտարական լուրջ խնդիր է առաջացել, քանի որ արդեն դիերի քայքայման պրոցես է սկսվել։

Նշենք, որ Ադրբեջանը միակողմանի հրաժարվել էր դիակների փոխանակման առաջարկից և երեք անգամ անընդմեջ խախտել  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդությամբ դիակների, ռազմագերիների և այլ պահվող անձանց փոխանակման նպատակով հայտարարված հումանիտար հրադադարը։

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ:

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։ Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։