Ադրբեջանը փորձում է զրոյացնել ջանքերը. Մնացականյանը խոսել է Լը Դրիանի հետ

Արտգործնախարարները խոսել են Ղարաբաղի թեմայով և Ժնևում հանդիպում անցկացնելու պայմանավորվածության շուրջ մտքեր փոխանակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ արտգործնախարար նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 28-ին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ:

Համարժեք պատասխանը երկար չի սպասեցնի. Արցախի ՊՆ–ն կոշտ հայտարարություն է տարածել

«Հեռախոսազրույցի ընթացքում շոշափվող գլխավոր թեման Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարների պայմանավորվածությունների ձեռքբերմանը հաջորդած զարգացումների ամփոփումն էր: Նախարար Մնացականյանն իր գործընկերոջը հայտնեց, որ Ադրբեջանը, միակողմանի կերպով հրաժարվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների անմիջական միջնորդությամբ ձեռք բերված կրակի դադարեցման վերաբերյալ երեք պայմանավորվածություններից, շարունակում է Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների հրետակոծումն ու հրթիռակոծումն արգելված զինատեսակների կիրառմամբ»,– նշված է ԱԳՆ–ի տարածած հաղորդագրության մեջ:

Մնացականյանն արձանագրել է, որ Ադրբեջանն իր նմանօրինակ դիրքորոշմամբ և կեցվածքով փորձում է զրոյացնել կայուն հրադադարի հաստատման ուղղությամբ համանախագահ երկրների ջանքերը, ինչը անվերապահ խրախուսման է արժանանում Թուրքիայի կողմից:

Երկուստեք ընդգծվել է կրակի անհապաղ դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման և վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի հաստատման անհրաժեշտությունը:

Խաղաղությունը պարտադրում են, կամ ինչպես կարող է Մոսկվան ճնշել Բաքվին և Անկարային

ԱԳ նախարարները նաև մտքեր են փոխանակել Ժնևում հանդիպում անցկացնելու պայմանավորվածության շուրջ (ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների ժնևյան հանդիպումը նախատեսված է այսօր)։

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ: 

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։ Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։