Ի՞նչ են քննարկել Պուտինն ու Էրդողանը. Կրեմլը հերքում է, Թուրքիայի նախագահը` պնդում

Էրդողանը հայտարարել է, որ Պուտինին առաջարկել է միասին մասնակցել ղարաբաղյան ճգնաժամի լուծման գործին։ Միևնույն ժամանակ Կրեմլից հայտնում են, որ օրակարգում չի եղել Թուրքիայի մասնակցությունը բանակցային գործընթացին ու հակամարտության կարգավորմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցի ժամանակ բանակցային գործընթացում և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Թուրքիայի մասնակցության թեման չի քննարկվել։

Ռուսաստանը Թուրքիայի հետ խնդիրներից չի վախենում. փորձագետը` Պուտինի հայտարարության մասին

Պուտինը երեկ է խոսել Էրդողանի հետ և քննարկել հակամարտության գոտում ընթացող իրադարձությունների զարգացումը։

«Ոչ, դա օրակարգում չի եղել։ Ես պարզապես ուզում եմ վերադառնալ իմ երեկվա պարզաբանումներին, որևէ նոր տարր այստեղ չկա», – ասել է Պեսկովը` պատասխանելով հարցին, թե արդյոք Պուտինի և Էրդողանի զրույցի ընթացքում քննարկվե՞լ է Թուրքիայի մասնակցությունը բանակցային գործընթացին և Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։

Միևնույն ժամանակ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության առաջ, ասել է, որ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսային բանակցությունների ընթացքում առաջարկել է ՌԴ առաջնորդին միասին մասնակցել ղարաբաղյան ճգնաժամի կարգավորմանը։

«Մենք Պուտինի հետ քննարկել ենք ղարաբաղյան իրադարձությունները։ Ասել ենք`եկեք Կովկաս, լուծեք այդ խնդիրը։ Եթե ուզում եք, միասին լուծենք։ Դուք խոսեք ձեր գործընկերների հետ, մենք` մեր։ Թող մեր արտգործնախարարները և մյուսները ևս զրուցեն։ Կարևոր է հասկանալ, թե արդյոք մենք կլուծենք այդ հարցը, թե ոչ։ Եկեք վերջ դնենք սրան։ Մենք անկեղծ ենք։ Եվ հավատում եմ, որ դուք ևս անկեղծ եք», – նշել է Էրդողանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Արայիկ Հարությունյանը նամակ է գրել Վլադիմիր Պուտինին

Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1068 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 223 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 618 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին