ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ֆրանսիական «Charlie Hebdo» երգիծական ամսագրին դատի է տվել ծաղրանկարի համար, որը նա վիրավորական է համարել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով TRT հեռուստաալիքին։
Ծաղրանկարը կհայտնվի Փարիզի և Անկարայի հարաբերությունների ճգնաժամի ֆոնին։ «Charlie Hebdo-ի շապիկի մակետը, որը վաճառքի կհանվի չորեքշաբթի, հրապարակվել է երգիծական ամսագրի Twitter-յան էջում: Ծաղրանկարում Էրդողանը կիսամերկ նստած է բազկաթոռին։ Նրա մի ձեռքում խմիչք է, իսկ մյուսով բարձրացնում է կնոջ զգեստը։ Ծաղրանկարի տակ գրված է. «Անձնական կյանքում Էրդողանը լավ էլ ցանցառի մեկն է»` նկատի ունենալով, որ թուրքական ղեկավարի` իսլամի և հավատքի մասին ասածը զուտ խոսքեր են։
Էրդողանը, մեկնաբանելով ծաղրանկարը, հայտարարել է, որ իսլամի թշնամիները, որոնք իր ծաղրանկարը հրապարակել են «Charlie Hebdo»-ում, խեղդվելու են ատելության և թշնամանքի ճահճում:
Հեռուստաալիքը նշում է, որ նրա փաստաբան Հուսեյն Այդինը ամսագրի ղեկավարության դեմ հայց է ներկայացրել Անկարայի դատախազություն։ Նրա հայտարարության մեջ ասվում է, որ ամսագրի հրապարակումը չի համապատասխանում լրագրության բարոյական և էթիկական սկզբունքներին, «խոսքի ազատություն» հասկացությանը, ինչպես նաև խախտում է թուրք առաջնորդի պատիվն ու արժանապատվությունը:
Ֆրանսիայի և Թուրքիայի հարաբերությունները հերթական անգամ սրվեցին Փարիզի արվարձանում տեղի ունեցած ողբերգության ֆոնին, երբ մի ծայրահեղական սպանել էր դպրոցի ուսուցչին։ Մեկնաբանելով Փարիզի արվարձանում տեղի ունեցած ողբերգությունը ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ Ֆրանսիայում իսլամը պետք է ազատվի օտարերկրյա ազդեցությունից, երկրում պետք է ուժեղացվի մզկիթների ֆինանսավորման վերահսկողությունը։
Դրան ի պատասխան Էրդողանը հայտարարեց, որ իր ֆրանսիացի գործընկերը պետք է հոգեբույժի մոտ գնա։ Թուրքիայի նախագահի խոսքերից հետո Ֆրանսիան խորհրդակցությունների համար Անկարայից հետ կանչեց իր դեսպանին։ Դրան հաջորդեց Էրդողանի կոչը, նա իր երկրի քաղաքացիներին հորդորեց հրաժարվել ֆրանսիական ապրանքներ գնելուց։
Էրդողանի հայտարարությունը Մակրոնի հասցեին անընդունելի է Եվրամիության համար. Ժոզեպ Բորել