ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի - Sputnik. Ազգային ժողովի այսօր նախատեսված նիստը չկայացավ` քվորում չլինելու պատճառով։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք «Իմ քայլում» կա որոշում, որ կառավարության անդամները չգան նախատեսված հարցուպատասխանին և քվորում չլինի։
«Կարծում եմ` կարևոր է, որ կառավարությունը գա հարցուպատասխանի, քանի որ բավականին հարցեր կան, որ գաղտնիք չեն պարունակում։ Օրինակ, կառավարությունը հայտարարել է, որ Արցախից 90 000 փախստական ունենք, կորոնավիրուսի վիճակը լարված է, տնտեսությանն առնչվող հարցեր կան»,–ասաց Մարուքյանը։
Ի պատասխան «Ւմ քայլը» խմբակցության ղելավար Լիլիթ Մակունցը հայտնեց, որ, այո, խմբակցությունում նման որոշում է կայացվել` հարցուպատասխանը չի կայանա։
«Կառավարության բոլոր անդամները գերծանրաբեռնված են, և խմբակցությունը որոշել է այս շաբաթ կառավարությանը չծանրաբեռնի լրացուցիչ։ Խոսքը միայն ընթացիկ շաբաթվա մասին է»,–ասաց Մակունցը։
ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն էլ հայտնեց, որ եթե 4 ժամվա ընթացքում նորից քվորում չլինի՝ կանցնեն արտահերթ նիստին։
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ արտահերթ նիստ էր կայացել։ Նիստում առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերի թվում էր «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումների նախագիծը, որով առաջարկվում է սահմանել, որ ռազմական դրության ժամանակ պետության կարիքների դեպքում պետությունը կարող է օգտագործել ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը: Դրա ավարտից հետո պետք է կա՛մ գույքը վերադարձնել սեփականատիրոջը, կա՛մ փոխհատուցել վնասը:
Երկրորդը՝ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի ու կից նախագծերի փաթեթն էր, որով սահմանվում է Հայաստանում աշխարհազորի գործունեության կարգը, պայմանական ստորաբաժանումների ու դրանց հրամանատարության մեխանիզմները:
Երրորդը՝ Քրեական օրենսգրքի զինվորական հանցանքների՝ դասալքության, ծառայության վայրը ինքնակամ լքելու, հրամանին չենթարկվելու համար նախատեսված պատիժները խստացնող նախագիծն էր:
Իսկ չորրորդը` «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ միջազգային կոնվենցիան վավերացնելու մասին» նախագիծն էր:
ԱԺ–ն առաջին ընթերցմամաբ ընդունել է այս նախագծերը` այսօր կկայանա դրանց երկրորդ ընթերցումը։