Գրողներ, իրավաբաններ, թենիսիստ, թարգմանիչ` տարբեր մասնագիտության տեր կանայք հավաքվել են Հայաստանի գրողների միությունում և զինվորների համար քողարկող ցանցեր են գործում։ Նախաձեռնության հեղինակը դրամատուրգ Կարինե Խոդիկյանն է իր գրող ընկերների հետ, որոնք նախորդ շաբաթվանից ՊՆ–ի հետ համագործակցելով անցել են գործի։
Գրողների միության նիստերի դահլիճում հավաքված կանանցից յուրաքանչյուրն իր գործն ունի` մեկը կտրում է կտորները, մյուսը` հյուսում, մեկ ուրիշն էլ հյուսածի վրա նոր կտորներ է ավելացնում։
Գործելու ընթացքում կանանց խոսակցության թեման հիմնականում պատերազմն է։
–Պատերազմի թեմայով հեքիաթ կգրե՞ք,–նրանցից մեկը հարցնում է հեքիաթագիր Սաթենիկ Ղազարյանին։
«Նորածին աղջկաս կնքելու ենք Ղազանչեցոցում». արցախցի կինը վստահ է` ամեն ինչ լավ է լինելու
Գործից չկտրվելով` Ղազարյանը գլխով դրական նշան է անում։ Նկատում ենք` Ղազարյանի մատը գործելուց արդեն վնասվել է, մի փոքր վերք եղել, բայց կինը չի էլ ուզում խոսել այդ մասին։ «Կարևորը` մեր հոգիներում ցավող վերք չունենանք»,–հավելում է Ղազարյանը։
Մեկ ցանց գործելը 4-5 օր է տևում, որն ավարտելուն պես կանայք անցնում են հաջորդին։
Արդեն մեկ օր է, ինչ գրողներին միացել է նաև Մարտակերտից ժամանակավորապես Երևան տեղափոխված Արմինե Բեգլարյանը։ Արմինեն մարտական է տրամադրված, ակտիվորեն գործի է անցել։ Նրա հայրը, եղբայրները, հորեղբայրներն առաջնագծում են` գուցե ցանցերը հենց նրանց էլ պետք կգան։ Արմինեն միայն հաղթանակի ակնկալիք ունի և վստահ է` հարազատները հենց հաղթանակով են տուն վերադառնալու։
Մատենադարանի աշխատակից թարգմանիչ–էքսկուրսավար Արուսյակ Իսրայելյանը նույնպես միացել է կամավորների խմբին և ոգևորված գործում է։ Ասում է` սահմանին կանգնած տղաները պետք է հանգիստ լինեն` թիկունքն ամուր է, անհամբեր սպասում են նրանց ողջ–առողջ վերադարձին։
Ի դեպ, կտորեղեն ունեցողները` հատկապես կանաչ, կարող են տանել Գրողների միություն։
Արցախցի երեխաները խաղաղ երկինք և այն պահպանող տանկ են նկարում. տեսանյութ