Հոկտեմբերի 27-ի նահատակների ու հերոսների հոգիները, ոգին և ուժն այսօր մեզ հետ են. Փաշինյան

ՀՀ վարչապետը նշել է, որ հայ ժողովուրդն իր միասնականությամբ և ոգու ամրությամբ, չնայած բազմաթիվ դժվարություններին, հաղթելու է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Սպարապետ Վազգեն Սարգսյանի, ԱԺ նախկին նախագահ Կարեն Դեմիրճյանի ու ԱԺ–ում սպանված 5 պատգամավորների հիշատակին։

Ի՞նչ էր կատարվում 99–ի հոկտեմբերի 27-ին և դրանից հետո. 21–ամյա ողբերգության տեսախրոնիկան

«Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի և Հոկտեմբերի 27-ի մեր մյուս նահատակների ու հերոսների հոգիները, ոգին և ուժն այսօր մեզ հետ են: Խոնարհումս նրանց վառ հիշատակին։ Հայ ժողովուրդն իր միասնականությամբ և ոգու ամրությամբ, չնայած բազմաթիվ դժվարություններին, հաղթելու է»,– Facebook-ի իր պաշտոնական էջում գրել է վարչապետը։

Հիշեցնենք նաև, որ 1999թ-ի հոկտեմբերի 27-ին ոճրագործների խումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժել էր ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճ և սպանել ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավոր Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին:

Ահաբեկիչների նկատմամբ դատական գործը սկսվեց 2001թ.-ի փետրվարին և տևեց մինչև 2003թ.-ի դեկտեմբերը։

Հոկտեմբերի 27-ին զոհվածներն այսօր` պատերազմական օրերին էին պետք մեզ. Արմինե Արմենակյան

Դատարանի որոշմամբ` Նաիրի Հունանյանը, նրա եղբայրը` Կարեն Հունանյանը, նրանց քեռին` Վռամ Գալստյանը, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը և Աշոտ Կնյազյանը դատապարտվեցին ցմահ, Համլետ Ստեփանյանը` 14 տարվա ազատազրկման։