ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. Աշնանային արձակուրդը կերկարաձգվի ևս 2 շաբաթով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
«Հաշվի առնելով համավարակի տարածմամբ ստեղծված իրավիճակը և ՀՀ առողջապահության նախարարության ցուցումը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշում է կայացրել երկարաձգել աշնանային արձակուրդը ևս երկու շաբաթով՝ մինչև նոյեմբերի 12-ը ներառյալ, բացառությամբ 12-րդ դասարանցիների, որոնք հոկտեմբերի 30-ից կշարունակեն ուսումնառությունը հեռավար ձևաչափով և ուսումնական տարին կավարտեն ինչպես նախատեսված էր՝ հունիսի 4-ին։ 1-11-րդ դասարանցիների համար ուսումնական տարվա ավարտը կսահմանվի հունիսի 18-ը. առաջին կիսամյակն առաջարկվում է ամփոփել հունվարի 31-ին»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։
Նոյեմբերի 12-ից հետո քննարկվում է ուսումնական գործընթացը երկու ձևաչափով անցկացնելու հնարավորությունը՝ պայմանավորված համաճարակային իրավիճակով։
Եթե այն անբարենպաստ լինի, ապա տարրական դասարաններում կիրականացվի առկա ուսուցում՝ անկախ դպրոցի տեղակայման վայրից, իսկ միջին և ավագ դասարաններում` հեռավար ուսուցում։
ԿԳՄՍ-ն տեղեկացնում է, որ այն բնակավայրերում և համայնքներում, որտեղ չի գործում հանրային տրանսպորտ, առկա ուսուցում կիրականացվի նաև միջին և ավագ դասարաններում։
Եթե համաճարակային իրավիճակը բարելավվի, ապա ամբողջությամբ կիրականացվի առկա ուսուցում։
Բոլոր դեպքերում առկա ուսուցումը կազմակերպվելու է՝ պահպանելով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերն ու կանոնները։
Նախարարության տեղեկացմամբ՝ մինչև նոյեմբերի 12-ը չեն գործի նաև նախադպրոցական հաստատությունները, արվեստի, գեղարվեստի, երաժշտական դպրոցները և մարզադպրոցները։
Ուսումնարանները, քոլեջները և բուհերը կշարունակեն գործել հեռավար և առցանց ուսուցման ձևաչափով։