Հիմա պետք է զորակոչվել. Փաշինյանն ասաց` որ դեպքում ինքն առաջնագիծ կմեկնի

Վարչապետը նշեց, որ կանայք պետք է խրախուսեն իրենց տղամարդկանց, որպեսզի մեկնեն առաջնագիծ, այլ ոչ թե թույլ չտան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է անձամբ մեկնել առաջնագիծ, եթե իմանա, որ դա է ժողովրդի ուզածը։ Այս մասին Փաշինյանը վստահեցրեց Facebook սոցցանցի իր էջում ուղիղ եթերի ժամանակ։

Նա կոչ արեց կամավորագրվել` ասելով, որ պետք է հիշել` որևէ մեկը չի գալու և կռվի մեր փոխարեն։

«Ադրբեջանը գուցե զարմանում է, որ ամբողջ աշխարհից զենք են բերում ու թափում Արցախի գլխին, բայց չեն հանձնվում։ Հայերը չեն հանձնվելու։ Սակայն հիմա պետք է զորակոչվել` բոլորս մեկ մարդու նման»,–ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ կանայք պետք է խրախուսեն իրենց տղամարդկանց, որպեսզի մեկնեն առաջնագիծ, այլ ոչ թե թույլ չտան։ Ավելին, այն կանայք, որոնք պատրաստակամ են մեկնելու առաջնագիծ, պետք է այդպես էլ վարվեն։

Պետք է ամեն ինչ անենք, որ ժնևյան բանակցություններին ներկայանանք որպես օրակարգ թելադրող

Փաշինյանի խոսքով` պետք է «թասիբը եռա» ՀՀ–ում։ Նրա մեկնաբանմամբ` սփյուռքում արդեն իսկ «թասիբը եռում» է, սակայն Հայաստանում դեռ այդ վիճակը չէ։

Փաշինյանը հավելեց, թե պատրաստ է ենթարկվել ժողովրդի հրամանին, սակայն այժմ պահանջում է, որ ՀՀ ցանկացած քաղաքացի ենթարկվի իր հրամանին՝ հենց հիմա գնա զինկոմիսարիատ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 26-ի ժամը 13։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 974 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6674 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 220 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը