Կորոնավիրուսից մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանը

Մաեստրո Թոփիկյանին 2013 թ.-ին շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում: 2014 թ․-ից նա «Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիա» ՀԿ անդամ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Կորոնավիրուսի հետևանքով հոկտեմբերի 26-ին կյանքի 69–րդ տարում մահացել է հայ երգչախմբային արվեստի երախտավոր, Երևանի պետական կամերային երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանը։ Տեղեկությունը հայտնում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի Facebook-ի էջը։

Հարություն Թոփիկյան դիրիժորի խմբավարական գործունեությունը սկսվել է դեռևս 1976թ.-ին՝ Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի կամերային երգչախմբի ղեկավարությամբ:

COVID-19-ով հիվանդ 186 մարդու համար Հայաստանի հիվանդանոցներում տեղ չկա

Մինչ այդ, 1973թ.-ին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։
Իսկ 1982թ. Թոփիկյանը արժանացել է Հայաստանի Լենինյան կոմերիտմիության պետական մրցանակի:
1989-1991թթ. Թոփիկյանը եղել է «BRIDGES OF SONG» միջազգային փառատոնի կազմակերպիչ-անդամ: 1991թ. Էստոնիայի Տալլին քաղաքում կայացած «BRIDGES OF SONG TALLINN 91» փառատոնին արժանացել է 20.000-անոց երգչախումբը ղեկավարելու պատվին՝ կատարելով «Հայրապետական օրհներգը»:
Լիբանանի Բեյրութ քաղաքում 1991-1994թթ.-ին  վերակազմավորել և երգչախմբային կատարողական արվեստի նոր բարձունքի է հասցրել Բարսեղ Կանաչյանի հիմնած «Գուսան» երգչախումբը:

1996թ. Հարություն Թոփիկյանի կողմից հիմնադրված Երևանի կամերային երգչախումբը կարճ ժամանակահատվածում նվաճել է իր ուրույն տեղը հայ երաժշտական հանրության շրջանում, ճանաչվելով Հայաստանի հեղինակավոր կատարողական կոլեկտիվ և 2009 թ. ստացել է պետական կարգավիճակ, վերանվանվելով Երևանի պետական կամերային երգչախմբի (ԵՊԿԵ):

Արվեստում ունեցած իր նշանակալի ներդրման համար Թոփիկյանը բազմիցս արժանացել է պետական պարգևների՝ ՀՀ Վարչապետի հուշամեդալի, ՀՀ մշակույթի նախարարության երկու ոսկե մեդալների, Երևանի քաղաքապետարանի «Երևան» մեդալի:

Արդյո՞ք COVID-19-ը հաղթահարածները պետք է պատվաստվեն գրիպի դեմ. պատասխանում են բժիշկները

2013 թ. մաեստրո Թոփիկյանին շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում: 2014 թ․-ից նա «Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիա» հասարակական կազմակերպության անդամ է։

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հոկտեմբերի 26–ի ժամը 11։00– դրությամբ կազմել է 78810 մարդ, մեկ օրում թեստի դրական պատասխան է ստացել 973 պացիենտ, վարակվածներից մահացել են 16–ը։