Կորոնավիրուսի պատճառով Հայաստանի դատարանները կարող են նիստերը հեռավար անցկացնել

Բարձրագույն դատական խորհրդին, ՀՀ դատարաններին, ՀՀ դատավորների ընդհանուր ժողովին և Դատական դեպարտամենտին հասցեագրված ցանկացած փաստաթուղթ ընդունվելու է առավելապես էլեկտրոնային եղանակով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Բարձրագույն դատական խորհուրդը մի շարք միջոցառումներ է նախաձեռնել կորոնավիրուսային համավարակի (covid-19) տարածումը կանխելու նպատակով։

Ըստ այդմ` Հայաստանի Հանրապետության բոլոր դատարաններում տեսաձայնային հաղորդակցության հնարավորությունն ապահովող համակարգի ներդրման միջոցով դատական նիստերի մեկնարկը հայտարարվելուն պես, դատավարության մասնակիցների համաձայնությամբ, դատական նիստերն իրականացվելու են հեռավար/առցանց՝ բոլոր հասանելի էլեկտրոնային հավելվածների կիրառման միջոցով:

Դատարանների (դրանց նստավայրերի) գրասենյակներում սահմանվելու է ամենօրյա հերթապահություն՝ ծանրաբեռնվածության հաշվառմամբ՝ նվազագույնի հասցնելով հերթապահ աշխատակիցների քանակը։

Դատական կարգադրիչների ծառայության միջոցով արգելվելու է ՀՀ դատարանների վարչական շենքեր մուտք գործել բոլոր այն անձանց, ովքեր չեն հանդիսանում տվյալ օրը կոնկրետ դատարանում նախապես նշանակված դատական նիստերով դատավարության մասնակիցներ (ներկայացուցիչներ)։

Կորոնավիրուսից ևս 16 մարդ է մահացել. ամենաերիտասարդն ուղեկցող հիվանդություն չի ունեցել

Տեխնիկական հնարավորության դեպքում վերացվելու իրավասու աշխատակիցների համար «Դատական համակարգ» ծրագրի հասանելիության տարածքային և ժամային սահմանափակումները:

Բարձրագույն դատական խորհրդին, ՀՀ դատարաններին, ՀՀ դատավորների ընդհանուր ժողովին և Դատական դեպարտամենտին հասցեագրված ցանկացած փաստաթուղթ ընդունվելու է առավելապես էլեկտրոնային եղանակով (Դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակված էլեկտրոնային փոստի հասցեներով):

Դատարանների վարույթում գտնվող գործերի նյութերին ծանոթանալու իրավունքի իրականացումն ապահովվելու է բոլոր հասանելի էլեկտրոնային հավելվածների կիրառման միջոցով:

ՀՀ դատավորներին առաջարկվելու է ընդունել էլեկտրոնային եղանակով ստացված փաստաթղթերը՝ հետագայում, ըստ անհրաժեշտության, դրանց բնօրինակները պահանջելու պայմանով:

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 78810–ի։