Ինչպես է բաշխվում սփյուռքից եկող օգնությունը. փոխնախարարը բացատրեց սխեման

Փամբուխչյանը վստահեցնում է, որ սփյուռքից եկող ամբողջ բեռը փաստաթղթավորված է, ընդունումն ու հանձնումը կատարվում են համապատասխան ակտերով։ Ամբողջը վերահսկվում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանն այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնեց, որ սփյուռքից եկած յուրաքանչյուր բեռ ուղարկվում է Արցախ`ըստ անհրաժեշտության։

Խոշոր հումանիտար օգնությունը Ռուսաստանից հասավ Հայաստան. տեսանյութ

Նա սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին հորդորեց վստահել և հավատալ պետական կառույցներին և շարունակել օգնություն տրամադրել Հայաստանին։

Փամբուխչյանի խոսքով` լինում են դեպքեր, երբ սփյուռքի մեր հայրենակիցները ցանկանում են օգնել կոնկրետ ընտանիքի։

«Այն ստանալուն պես մենք չենք կարող փոխանցել ֆիզիկական կամ իրավաբանական անձանց: Նման դեպքերում, եթե կա հստակ հասցե, դա կազմակերպվում է համայնքների միջոցով: Համայնքը պետք է մեզ նախապես տեղյակ պահի, որ ինքն ունի ինչ-որ քանակի սննդի կարիք, և այդ սնունդն ԱԻՆ-ի պահեստից մենք կարող ենք տրամադրել տվյալ համայնքին»,– նշեց ԱԻ նախարարի տեղակալը։

Նրա խոսքով`ցանկացած բեռ, որը գալիս է Հայաստան, հանձնվում է պետությանը։

«Այն տանում ենք ԱԻՆ-ի պահեստ, տեսակավորում ենք, առանձնացնում բեռները՝ ըստ նշանակության։ Հետո ուղարկվում է առաջին հերթին Արցախ՝ առաջնագծի զինվորներին և ապաստարաններում գտնվող քաղաքացիներին։ Այդ սննդի ինչ-որ մի մաս բաժին է հասնում Արցախից ժամանակավոր Հայաստան ժամանած քաղաքացիներին»,- ասաց Փամբուխչյանը։

ԱԻ նախարարի տեղակալի խոսքով՝ բեռների մեջ հիմնականում լինում են առողջապահական, պաշտպանության նշանակության իրեր, ինչպես նաև սնունդ կամ հագուստ։

Փամբուխչյանը հավելեց` ամբողջ բեռը փաստաթղթավորված է, ընդունումն ու հանձնումը կատարվում են համապատասխան ակտերով, և այդ ամենը վերահսկելի է, կա հաշվետվություն: ԱԻ նախարարի տեղակալը սփյուռքում գտնվող մեր հայրենակիցներին կոչ արեց հավատալ և վստահել պետական մարմիններին, որոնք էլ կուղղորդեն ուղեբեռն ըստ հասցեների և ըստ նշանակության: