ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Այսօր, ժամը 13:50-ի սահմաններում հակառակորդը «Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ համակարգից 1 հրթիռ է արձակել Մարտունու շրջանի Զարդարաշեն գյուղի ուղղությամբ: Հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook սոցցանցի իր էջում։
«Չնայած ԱՄՆ-ում ձեռք բերված հրադադարի մասին նոր պայմանավորվածությանը՝ ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել հարավ-արևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի առաջնագծի ուղղությամբ՝ շարունակելով հրետակոծել նաև խաղաղ բնակավայրերը»,–գրել է Ստեփանյանը։
Նրա խոսքով` ՊԲ ստորաբաժանումները պաշտպանական մարտեր են մղում թշնամական ուժերի գրոհները կասեցնելու և վերջինիս ելման դիրքեր հետ շպրտելու համար:
ԱՄՆ–ի կողմից հայտարարված և այսօր ժամը 8։00–ին մեկնարկած հրադադարի 3–րդ պայմանավորվածության առաջին խախտումը գրանցվել էր առավոտյան ժամը 8:45-ի սահմաններում, երբ Ադրբեջանը հրետանային կրակ էր վարել Արցախի հյուսիս-արևելյան մարտական դիրքերի ուղղությամբ, երկրորդը9։10-ին հարավ-արևելյան ուղղությամբ, երբ հայկական դիրքերի վրա արձակվել էր հինգ հրետանային արկ։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել էր, որ ինչպես և համաձայնեցվել է երեկ Վաշինգտոնում` ԱՄՆ միջնորդությամբ, հայկական կողմը ժամը 08.00-ից լիարժեք կպահպանի հրադադարի ռեժիմը։
Հրադադարի նախանշված ժամից հաշված րոպեներ անց Ադրբեջանի ՊՆ-ն տարածեց հերթական ապատեղեկատվությունը՝ նշելով, թե հայկական ուժերը հարավային ուղղությամբ հրետակոծության են ենթարկում ադրբեջանական դիրքերը։ ՊԲ-ն պատասխանեց այս հայտարարությանը։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։
Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակում էր հրետակոծել Արցախը։
Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, համանախագահող երկիր Ֆրասիայի միջնորդությամբ, երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել էր հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։
Երկրորդ «ռազմաճակատ». Գորիսում անվճար համազգեստ են կարում կամավորների համար
Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ:
Ադրբեջանը մինչև այսօր էլ խախտում է հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունները։