ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի - Sputnik. Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը դատապարտել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վիրավորանքները Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին։ Ֆրանսիայի ԱԳՆ–ն պաշտոնական հաղորդագրություն է տարածել` նշելով, որ իր երկրի հանդեպ իրականացվող քարոզչությունը կեղծ է, զրպարտող։
Հիշեցնենք, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մակրոնին խորհուրդ էր տվել հոգեբույժի մոտ գնալ։ Նա նշել է, որ եթե պետության ղեկավարն այդպես է վերաբերվում իր երկրում գտնվող միլիոնավոր մուսուլմաններին, ուրեմն նա գիտակցության կորուստ ունի։
Ֆրանսիայի ԱԳ նախարարը նաև հաստատել է, որ Ֆրանսիան հետ է կանչել իր դեսպանին Թուրքիայից Փարիզում խորհրդակցությունների համար։
«Վերջին օրերին Կոնֆլան-Սենտ-Օնորին քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո թուրքական իշխանությունների կողմից դատապարտման կամ համերաշխության արտահայտման որևէ պաշտոնական նշանի բացակայությանն ավելացավ ատելի և կեղծ քարոզչությունը Ֆրանսիայի դեմ։
Սև պաստառներով, սևազգեստ մարդիկ. ֆրանսահայերը Թուրքիայի դեսպանատան առջև ակցիա են արել
Դա ցույց է տալիս մեր դեմ և մեր ներսում ատելություն սերմանելու ցանկությունը, ինչպես նաև ուղղակի վիրավորանք է հանրապետության նախագահի հասցեին՝ արտահայտված թուրքական պետության բարձրագույն մակարդակում»,- նշված է նախարարի խոսքում հաղորդագրությունում։
Նա ընդգծել է՝ նման պահվածքն անթույլատրելի է հատկապես դաշնակից երկրի կողմից։ Այդ պատճառով էլ դեսպանը հետ է կանչվել խորհրդակցությունների նպատակով։