ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Երեկ Հայաստան ժամանած Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունn այսօր արդեն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Ֆրանսիացի պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել 1915-ին զոհվածների հիշատակին և ծաղիկներ խոնարհել։
Նրանց ուղեկցում էին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը և Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը: Այցելուներին դիմավորել է թանգարան-ինստիտուտի տնօրենի տեղակալ Լուսինե Աբրահամյանը:
Նշենք, որ ադրբեջանական կողմն արդեն իր դժգոհությունն է հայտնել պատգամավորների այցի առնչությամբ։
Հիշեցնենք, որ Nouvelle d’Arménie պարբերականի փոխանցմամբ՝ պատգամավորների 15 հոգամոց խումբը նաև այցելելու է Արցախ` տեղում ծանոթանալու ադրբեջանա–թուրքական ագրեսիայի հետևանքներին: