«Հայ բժիշկները պահպանեցին ոտքս». Արցախում վիրավորված Յուրի Կոտենոկին վիրահատել են Երևանում

Արցախում վիրավորված և Երևանում բուժման մեջ գտնվող ռուս լրագրող Յուրի Կոտենոկը պատմել է վիրահատության ու հայ բժիշկների արհեստավարժության մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի - Sputnik. «Сегодня.ру»–ի գլխավոր խմբագիր Յուրի Կոտենոկը, որը ծանր վնասվածքներ էր ստացել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրետակոծության հետևանքով, այսօր վիրահատվել է Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Ոտնաթաթի բարդ վիրահատությունը տևել է երեք ժամ։ Sputnik Արմենիան զրուցել է Կոտենոկի հետ։

«Երկար պայքար է լինելու, պատրաստ ենք». Մոսկվայից եկած հայ բժիշկը կյանքեր է փրկում Արցախում

«Վիրահատությունն իրականացրեց բուժկենտրոնի միկրովիրաբույժների բրիգադը՝ Հայաստանի առաջատար միկրովիրաբույժներից մեկի՝ Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ», - ասաց նա։

Ասիստենտները եղել են միկրովիրաբույժ Իզաբելլա Տիգրանյանը և պլաստիկ վիրաբույժ Արամ Բորոյանը, անեսթեզիոլոգը` Արմեն Վարոսյանը։ Նրա խոսքով՝ հայ բժիշկները բառի բուն իմաստով պահպանել են նրա ոտքը, քանի որ ոտնաթաթի վրա հսկայական վնասվածք է եղել։ Բժիշկները փոխպատվաստել են հյուսվածքները, որպեսզի փակեն բաց մասը։ Կատարվել է բավականին բարդ նյարդավիրաբուժական վիրահատություն։

Բժիշկների գնահատմամբ՝ վիրահատությունը հաջող է անցել։ Կոտենոկը շատ շնորհակալ է հայ բժիշկներին։ Հիմա գլխավոր խնդիրը վերականգնվելն է, ուժ հավաքելն ու աշխատանքը շարունակելը։

«Նրանք իսկական պրոֆեսիոնալներ են, մեծատառով մարդիկ։ Այստեղ բազմաթիվ վիրավորներ են բուժվում, և բավականին կարճ ժամանակահատվածում նրանց ոտքի են կանգնեցնում»,– ասաց լրագրողը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գնդակոծության ժամանակ վիրավորվել էին ռազմական մեկնաբան Յուրի Կոտենոկը, «Ռուսաստանի սպաներ» պորտալի հատուկ թղթակից Լևոն Արզանովը և նրանց ուղեկցող Հրանտ Բալադյանը: Ավելի ուշ Արզանովին և Բալադյանին Մոսկվա էին տեղափոխել «Ռոսիա» կառավարական ինքնաթիռով:

«Մեր փրկությունն իսկական հրաշք է». Կոտենոկը` Արցախի պատերազմի առանձնահատկության մասին