Հիմնական ռազմական գործողություններն Արցախյան ճակատում ընթանում են երեք ուղղություններով` հյուսիսային, կենտրոնական և հարավարևելյան։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Հակառակորդի դիվերսիոն խմբերը պարբերաբար փորձում են ներթափանցել, սակայն Արցախի պաշտպանության բանակը կարողանում է չեզոքացնել նրանց։
«Այս պահին հակառակորդի կողմից կա որոշակի մարտավարական փոփոխություն` հիմնականում գրոհում են ոչ թե մեխանիզացված ստորաբաժանումների կազմով` տանկեր և այլն, այլ հետևակային խմբերով»–նշեց Հովհաննիսյանը։
Նա հավելեց, որ Արցախի հարավարևելյան ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն խմբերի ներթափանցման չեզոքացման ուղղությամբ այսօր որոշակի հաջողություններ են արձանագրվել։
Անդրադառնալով ԱԹՍ–ների դեմ պայքարին` Հովհաննիսյանը նշեց, որ լիովին չեզոքացնել ԱԹՍ–ների մեծ քանակն աշխարհում ոչ մեկին չի հաջողվում։ Նա չի կարծում, որ Հայաստանին դա ավելի է հաջողվելու, քան մեծ պետություներին, որոնք 1-2 ռազմաբազայի պաշտպանության համար օգտագործում են տասնյակներով տարատեսակ ՀՕՊ և ՌԷՊ միջոցներ։ Ընդ որում, այդ պարագայում նույնպես 100 տոկոսանոց պաշտպանություն չկա ԱԹՍ–ների երամի դեմ։
Հովհաննիսյանը վստահեցրեց` Ադրբեջանի ցամաքային զորքերի զրահախմբերի բռունցքների մեծ մասը չեզոքացված է։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 23-ի ժամը 14։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 927 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6539 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 206 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 588 տանկ և ՀՄՄ:
Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։
Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը