Ինչ է Անկարան հասկացնում Մոսկվային, և որ դեպքում ՌԴ–ն ռազմական օգնություն կտրամադրի ՀՀ–ին

Ռուս պատգամավորի խոսքով՝ Մոսկվան անպայման կդիտարկի ռազմական օգնություն ցուցաբերելու մասին Երևանի դիմումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Թուրքական իշխանության պահվածքը բավականին հանդուգն է, Անկարան հետխորհրդային տարածքում հաստատվելու փորձերը չի դադարեցնում առաջին հերթին թուրքալեզու երկրների հաշվին։ Նման կարծիք է հայտնել ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը, մեկնաբանելով Ղարաբաղ զորք մտցնելու հնարավորության մասին Թուրքիայի փոխնախագահի հայտարարությունը։

Պուտինը հույս ունի, որ Ղարաբաղի հարցում ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ միասնաբար կգործի

Ավելի վաղ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել էր, որ պատրաստ է զորք մտցնել մարտական գործողությունների գոտի, եթե Ադրբեջանը խնդրի այդ մասին։

Զատուլինի խոսքով՝ Թուրքիայի փոխնախագահի հայտարարությունը փորձ է վարժեցնել բոլորին (այդ թվում՝ Ռուսաստանին) այն մտքին, որ Անկարան ինչ ուզի` կարող է անել ու նրա համար չկան զսպող կարմիր գծեր, երբ խոսքը հետխորհրդային տարածքում դրսևորվող վարքի մասին է։

Պատգամավորի կարծիքով՝ Թուրքիան ուղղակիորեն դրդում է Ադրբեջանին, որ Բաքուն բանակ մտցնելու խնդրանքով դիմի Անկարային։

«Մենք նախկինում լսել ենք Ադրբեջանի ղեկավարությունից, իբր Անկարան ոչ մի կերպ չի մասնակցում իրադարձություններին։ Ինչպե՞ս հիմա գնահատենք Ադրբեջանի հնչեցրած այս հայտարարությունները։ Չէ՞ որ վերջին շաբաթների ընթացքում Թուրքիան առաջին անգամ չէ, որ Ադրբեջանից առաջ է ընկնում հակամարտության հետ կապված ցանկացած իրադարձության արձագանքելու առումով», - ասում է Զատուլինը։ 

Նա հիշեցրեց, որ երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախագահների մակարդակով հրադադարի կոչ արեցին, ոչ թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, այլ հենց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կտրականապես մերժեց այդ տարբերակը։ Թուրքիան Ադրբեջանից շուտ պատասխանեց Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահների հայտարարությանը։

Ռուսաստանի համար Ղարաբաղում գրոհայինների առկայությունը լուրջ խնդիր է. Զախարովա

Զատուլինը կարծում է, որ Թուրքիայի փոխնախագահի հայտարարությունը սադրանք է, որին Ռուսաստանը պետք է պատասխանի, ոչ թե պարզապես հաշվի առնի այն։ Մեր զրուցակցի կարծիքով՝ Մոսկվան մինչ այժմ չի պատասխանում, քանի որ կարծում է, որ խաղաղ պայմանավորվածության, բանակցությունների և այլնի հնարավորությունները դեռ սպառված չեն։ Սակայն դա էլ չի կարող անվերջ տևել։ Մարտական գործողությունները շարունակվում ու ընդլայնվում են։ Դատելով Թուրքիայի հայտարարություններից՝ դրանք կարող են շարունակել տարածվել։ Այդ պատճառով Զատուլինը կարծում է, որ այդ խոսքերին պետք է որոշակիորեն արձագանքել։

Զատուլինը հաստատեց հարցազրույցներից մեկում արտահայտած կարծիքն այն մասին, որ Ռուսաստանը պետք է ուժեղացնի իր ներկայությունը Կովկասում, մասնավորապես՝ Հայաստանի տարածքում։ Հայաստանն էլ եթե կարծում է, որ Ռուսաստանին դիմելու հարց է հասունացել, պետք անի դա։ Առանց դիմելու Ռուսաստանն այդ քայլին չի դիմի։

Ղարաբաղում ռուս խաղաղապահներ մտցնելու առաջարկը բնական է․ Զատուլին

«Բայց ռուսական ռազմական ներկայության ուժեղացումը ինչ-որ չափով ասիմետրիկ պատասխան կլիներ հակամարտության մեջ Թուրքիայի ներգրավվելու մասին հայտարարությանը», - ասաց պատգամավորը։

Ռուսաստանը պատասխանել է, թե ինչ կլինի, եթե Թուրքիան զորքեր ուղարկի Լեռնային Ղարաբաղ

Նրա կարծիքով՝ Սիրիայում և այլ երկրներում ռուսական հատուկ գործողությունների փորձը հուշում է, որ եթե ահաբեկչության, գրոհայինների տարածման սպառնալիք կա, ապա պետք է կոշտ արձագանքել։ Միաժամանակ այսօր Հայաստանի, ու դրա հետ Գյումրիում ռուսական ռազմաբազայի արգելափակման հետ կապված լուրջ խնդիր կա։ Նա կարծում է, որ այդ հարցը պետք է լուծել, և դա անել նաև Վրաստանի օգնությամբ։

Զատուլինը վստահ է, որ եթե Հայաստանը Ռուսաստանին դիմի ռազմական օգնություն տրամադրելու խնդրանքով, այդ դիմումն անպայման կդիտարկվի։ Պատգամավորի կարծիքով՝ հիմք չկա չհավատալու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որը վերջերս ասել է, ու Ռուսաստանը կատարել ու կատարելու է Հայաստանի հանդեպ դաշնակցի իր պարտականությունները։

ՌԴ–ն չի պատրաստվում հրաժարվել Հայաստանի նկատմամբ պարտավորություններից. Զատուլին

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 23-ի ժամը 14։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 927 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6539 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 206 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 588 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը