ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա իր ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության գոտի Մերձավոր Արևելքից զինյալներ տեղափոխելու խնդրին: Նրա խոսքով՝ այդ հարցը գտնվում է ռուսական դիվանագիտական և զինվորական կառույցների ուշադրության ներքո։
Հայտնի է, որ հակամարտության գոտի ծայրահեղականների ակտիվ տեղափոխությամբ զբաղվում է Թուրքիան, ինչի մասին բազմիցս խոսել են Մոսկվայում, Փարիզում և այլուր։
«Դա իսկապես լուրջ խնդիր է մեզ համար։ Մեր զինվորականները, փորձագետներն այդ հարցը լիարժեք վերահսկողության տակ են պահում։ Այդ աշխատանքը հրապարակային չէ, բայց վստահեցնում եմ` շատ ակտիվ ընթանում է», - ասաց նա։
Զախարովայի խոսքով՝ ռուսական դիվանագիտությունը հույս ունի, որ այն քայլերը, որոնք իրականացվում են, ուղղակի հույսեր կամ ցանկություններ չեն, այլ կոնկրետ աշխատանք:
«Հրապարակային հայտարարություններն աշխատանքի երկրորդ մասն են, առաջին հերթին լուրջ աշխատանք է տարվում, գործնական քայլեր են իրականացվում։ Մենք կապի մեջ ենք մեր այն գործընկերների հետ, որոնք այս կամ այն կերպ կապ ունեն տարածաշրջանում ստեղծված իրավիճակի հետ», - հավելել է Զախարովան։
Ռուսաստանը շարունակում է Արցախում արյունահեղությունը դադարեցնելու ուղիներ փնտրել. Զախարովա
ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Ռուսաստանում շատ լավ հասկանում են գրոհայինների այնտեղ ուղարկման հնարավոր հետևանքները։ Մոսկվան այդ խնդրի շուրջ հրապարակային հանդես է եկել՝ դրան կարևորությունը ընդգծելու համար։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 22-ի ժամը 17:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 874 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6459 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 202 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 580 տանկ և ՀՄՄ:
Այս տղերքն Արցախի հյուսիսային դիրքերն են պաշտպանում. հանգստի հազվադեպ րոպեները
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։
Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը