ՀՀ ԱԳՆ–ն հերքում է Ադրբեջանի հերթական մանիպուլյատիվ հայտարարությունը

ՀՀ ԱԳՆ կոչ է անում Ադրբեջանին և իր հովանավոր Թուրքիային հրաժարվել միջազգային հանրության՝ կրակի դադարեցման վերահսկելի ռեժիմի հաստատմանն ուղղված ջանքերը տապալելու գործողություններից և մեղքը հայկական կողմի վրա բարդելու իրենց ավանդական քաղաքականությունից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել մանիպուլյատիվ հայտարարությամբ, որտեղ փորձ է արվում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումը մերժող Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշումը հրամցնել որպես հայկական կողմի մոտեցում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Թուրքիայի և նրա կողմից հովանավորվող ահաբեկիչների ուղղակի ներգրավմամբ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրականացվող ռազմական ագրեսիան ուղղված է Արցախի բնիկ ժողովրդի բնաջնջմանը և առաջին իսկ օրվանից ուղեկցվում է միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումներով ու պատերազմական հանցագործություններով: Այս գործողություններն օրվա հրամայական են դարձնում Արցախի ժողովրդի գոյութենական անվտանգության լիակատար ապահովումը:

Արցախում իսլամիստ գրոհայինների ներկայության նոր ապացույցներ կան․ France 24-ի տեսանյութերը

«ՀՀ-ն հետևողականորեն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների միջնորդությամբ հոկտեմբերի 10-ի և 17-ի հայտարարություններով համաձայնեցված կրակի դադարեցման պայմանավորվածությունների անվերապահ իրականացմանը: 

Մշտապես հանդես գալով հակամարտության ռազմական կարգավորումը բացառող դիրքերից՝ մեկ անգամ ևս շեշտում ենք, որ ԼՂ հիմնախնդիրը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ միջոցներով միջազգային մանդատ ունեցող ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»,–ասված է հաղորդագրության մեջ: 

ՀՀ ԱԳՆ կոչ է անում Ադրբեջանին և իր հովանավոր Թուրքիային հրաժարվել միջազգային հանրության՝ կրակի դադարեցման վերահսկելի ռեժիմի հաստատմանն ուղղված ջանքերը տապալելու գործողություններից և մեղքը հայկական կողմի վրա բարդելու իրենց ավանդական քաղաքականությունից:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ այս պահին անիմաստ է խոսել հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելու մասին, հայտարարել էր, որ պաշտոնական Բաքուն աջակցում է բանակցությունների միջոցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի հիման վրա հարցի կարգավորմանը:

Նշենք, որ հոկտեմբերի 21–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր ուղիղ միացման ժամանակ ասել էր, որ Ղարաբաղյան հիմնահարցի դիվանագիտական լուծման մասին այս փուլում խոսելն անիմաստ է։ «Պետք է հստակ գիտակցենք, որ Ղարաբաղի հարցը գոնե այս փուլում և այս փուլից սկսած` երկար ժամանակ դիվանագիտական լուծում չունի։ Բոլոր հույսերը, առաջարկները, թե պետք է Արցախյան հիմնահարցի առնչությամբ դիվանագիտական լուծում գտնել, ըստ էության, պետք է ավարտված համարել»,–ասել էր վարչապետը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 21-ի ժամը 16:40-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 834 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6459 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 202 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 580 տանկ և ՀՄՄ:

Այս տղերքն Արցախի հյուսիսային դիրքերն են պաշտպանում. հանգստի հազվադեպ րոպեները

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը